Մատչելիության հղումներ

Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է Ջակոմո Պուչչինիի «Տուրանդոտ» օպերան


Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանը կեզրափակվի Ջակոմո Պուչչինիի հանրահայտ «Տուրանդոտ» երեք գործողությամբ օպերայի պրեմիերայով, որը տեղի կունենա հուլիսի վերջին օրերին՝ 29-ին, 30-ին և 31-ին։ Այսուհետ այս ստեղծագործությունը կհամալրի օպերային թատրոնի խաղացանկը։

Պրեմիերայից առաջ հրավիրված ասուլիսին օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը նշեց. - «Բավականին լուրջ աշխատանք է արվել։ Ե'վ կոստյումների որակը բավականին լավն է, և' շատ հարուստ է։ Եվ այս ժամանակահատվածը մեզ համար նաև կարևոր է, որ մեր կոլեգաները, ովքեր եկել են դրսից, և մեր երիտասարդ ուժերը, ովքեր որ աշխատում են էստեղ, կարողանան սովորել, ըմբռնել, որպեսզի կարողանանք ոչ միայն ներկայացումը պահպանել, այլև ընդհանրապես հաջորդ ներկայացումներում կարողանանք հաջողություններ ունենալ և ձևավորել մեր աշխատանքային թիմը։ Սա շատ կարևոր է։ Հուսավ, որ մեր հանդիսատեսը կհավանի ներկայացումը, որովհետև, կարծում եմ, բավականին գեղեցիկ է և լուսավոր։ Ինչ վերաբերում է երգիչներին, իսկապես մենք ունենք շատ լավ, տաղանդավոր երգիչներ, և ես շատ ուրախ եմ, որ այսօր իրենք ունեն այդ հնարավորությունը այս ներկայացումը երգել մեզ մոտ։ Քննարկվում է, թե ինչու մինչև վերջին օրը չենք նշում, թե ով է երգելու։ Որովհետև իրականում նվագախմբային փորձերից հետո է որոշումը կայացվում, թե ով կերգի առաջինը կամ երկրորդը։ Իսկ նվագախմբային փորձերը պրեմիերայից հինգ օր առաջ են լինում, և որոշումը լինում է միշտ վերջին օրը։ Վերջնականը երեկոյան կորոշվի, թե ով է երգելու վաղը»։

Օպերային թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը շեշտեց, որ այս օպերայի բեմադրությունը հազվագյուտ երևույթ է հայ օպերային արվեստի պատմության մեջ, քանի որ այն բեմադրվում է առաջին անգամ. - «Պուչչինին ունի տասներկու օպերաներ, բայց նույնիսկ այդ ահռելի ժառանգության մեջ առանձնանում է «Տուրանդոտը»՝ իր վերջին օպերան, որը, ցավոք սրտի, չհասցրեց ավարտել, և ավարտեց իր համախոհն ու աշակերտը՝ Ալֆանոն։ Բայց այս բեմադրությունը առանձնանում է նրանով, որ մենք չենք ընդգրկել Ալֆանոյի այդ վերջաբանը, այլ ընդգրկել ենք միայն այն, ինչ գրել է անձամբ Ջակոմո Պուչչինին, որը միայն ամենավերջին հատվածը չէր ավարտել և թողել էր տարբեր ձեռագրեր այդ թեմայով։ Բարդագույն օպերա է, շատ մեծ, մասշտաբային օպերա է։ Շատ գեղեցիկ բեմադրություն է, գունագեղ բեմադրություն է, և երջանկություն է իրոք աշխատելը այդ հանճարեղ ստեղծագործության վրա, որը երբեք չի բեմադրվել Հայաստանում»։

Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի բեմադրությանը աջակցել է ԿԳՄՍ նախարարությունը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն ընդգծեց. - «Գիտենք, որ սա լավագույն օպերային ներկայացումներից մեկն է, և յուրաքանչյուր օպերային թատրոն ձգտում է այս բեմադրությունը ունենալ իր երգացանկում։ Սա միանշանակ կարևոր իրադարձություն է մեր մշակութային կյանքում, և ԿԳՄՍ նախարարությունը աջակցել է և կշարունակի աջակցել նման ծրագրերի կյանքի կոչմանը։ Այս անգամ նախարարության ֆինանսական աջակցությունը կազմել է շուրջ 50 միլիոն դրամ։ Մենք կարծում ենք, որ նման բարձրակարգ ներկայացումները հարստացնում են մեր հասարակությանը, հաղորդում են նոր հոգևոր լիցքեր, բարձրացնում հասարակության՝ արվեստի ընկալման մակարդակը, ինչպես նաև խթանում են զբոսաշրջային հոսքեր դեպի մեր երկիր։ Դա նաև շատ կարևոր է միջազգային համագործակցության տեսանկյունից։ Նման համագործակցության ձևաչափը ապացուցել է, որ նա ոչ միայն կարևոր է, այլև արդյունավետ, և նոր շունչ է հաղորդում մեր օպերային թատերական արվեստին»։

Կարեն Դուրգարյանըվ Պուչչինիի «Տուրանդոտ» օպերայի բեմադրության համար հրավիրել է ռուս անվանի ռեժիսոր, Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր, նաև Նովոսիբիրսկի պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Վյաչեսլավ Ստարոդուբցևին։ Իսկ գեղեցիկ դեկորացիաների և հագուստների հեղինակն է ռուս անվանի դիզայներ Պյոտր Օկունևը։

Վյաչեսլավ Ստարոդուբցևը շեշտեց, որ այսօր աշխարհի շատ օպերային թատրոններ կերազեին ունենալ այնպիսի չքնաղ ձայներ, ինչպիսիք այսօր ունի Հայաստանի օպերայի թատրոնը, որտեղ մեկ ներկայացման մեջ միայն 5 Տուրանդոտ է նախապատրաստվել, այնինչ այլուր նույնիսկ մեկն էլ չեն կարողանում գտնել։ Շեշտեց, որ հիացած է հայ օպերայի արտիստների թե' ձայներով, թե' վարպետության բարձր մակարդակով և իհարկե, հնարավորության դեպքում ոչ միայն հաճույքով կշարունակեր համագործակցությունը Հայաստանի օպերային թատրոնի հետ, այլև կկամենար «Տուրանդոտի» այս բեմադրությունը ներկայացնել նաև Նովոսիբիրսկի օպերային թատրոնում, որտեղ ինքն այն բեմադրել է մոտ 10 տարի առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG