Մի քանի ամիս առաջ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի մրցույթ, որին մասնակցած երեք հասարակական կազմակերպություններից հաղթող է ճանաչվել «Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» ՀԿ-ն։
Այսօր տեղի ունեցավ «Ստեղծագործ Եվրոպա 2023-2027» հայաստանյան գրասենյակի պաշտոնականան բացումը «Երևանյան հեռանկարներ միջազգային փառատոն»-ի գրասենյակում, որտեղ ներկա էին ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, այլ դեսպաններ և դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ։
Եվրոպական հանձնաժողովի դրամաշնորհային «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը դրամաշնորհների միջոցով հնարավորություն է տալիս անհատ արվեստագետներին, նաև ստեղծագործական խմբերին եվրոպական մշակութային կազմակերպությունների և մշակութային հիմնադրամների հետ համատեղ ծրագրեր իրականացնել մշակությաի ամենատարբեր ոլորտներում։ Հայաստանը 2018 թվականից միացել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթածրագրին։
Գրասենյակի բացման պաշտոնական արարողության ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց. - «Հայաստանի և Եվրոպական միության գործընկերային կապերը տարեցտարի է'լ ավելի են զարգանում։ Հենց այսօր մենք կառավարության նիստում կրթության ոլորտում մեր հերթական ծրագրին հավանություն տվեցինք։ Մենք ոչ միայն եվրոպական արժեհամակարգի կրողն ենք, այլև մեզ համարում ենք եվրոպական մեծ քաղաքակրթական ընտանիքի անդամ։ Մեր մշակութային կյանքի օրացույցի անբաժանելի մասն են կազմում Եվրոպայի օրը, Եվրոպական ժառանգության օրերը, Լեզուների եվրոպական օրը և մի շարք այլ կարևոր իրադարձություններ։ Մշակույթի ոլորտում համագործակցության զարգացման նպատակը ամրագրված է Հայաստանի և Եվրոպական միության միջև գործող Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրով, որի իրականացման շրջանակներում առանձնահատուկ տեղ ունի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին մեր մասնակցությունը։ Ծրագրի առաջին փուլին մեր երկիրն արդեն իսկ մասնակցել է, իսկ մինչև 2027 թվականը երկրորդ շրջափուլին մասնակցությամբ ակնկալում ենք էապես մեծացնել միջմշակութային համագործակցությունը Հայաստանի և ԵՄ անդամ երկրների մշակույթի ոլորտի կառույցների և անհատների միջև»։
Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը իր խոսքում ընդգծեց, որ այսօր հրաշալի օր է, և ինքը շատ բարձր է գնահատում Հայաստանի կառավարության հետ կատարած աշխատանքը. - «Շատ ուրախ եմ նաև, որ «Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» հասարակական կազմակերպությունը մրցույթի արդյունքում հաղթել է «Ստեղծագործ Եվրոպայի» պաշտոնական ներկայացուցիչը լինելու մրցույթում։ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը թերևս մեր ոլորտի ամենակարկառուն, ամենաակտիվ դերակատարներից մեկն է, որը Հայաստանում դասական, ինչպես նաև ժամանակակից փոփ և ջազ երաշտության համերգների խոշորագույն կազմակերպիչն է»։
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը իր խոսքում երախտագիտություն հայտնեց վստահության համար և շեշտեց. - «Այս օրը մեծ տոն է և' «Հեռանկարներ» փառատոնի համար, և' մեր ամբողջ կոլեկտիվի, որոնք տասնվեց տարուց ավելի «Երևանյան հեռանկարների» հավատարիմ աշխատակիցներն են։ Իրականում «Հեռանկարներ» փառատոնը շատ գեղեցիկ, կարելի է ասել անգամ ռոմանտիկ կապ ուներ եվրոպական մեր գործընկերների հետ։ 2007 թվականին մենք դիմեցինք անդամություն ստանալու համար։ Դա շատ որոշիչ պահ էր, երբ միայն 28 Եվրամիության անդամ երկրների մեջ Հայաստանը դարձավ անդամ։ Դա մշակութային դիվանագիտության ամենամեծ նվաճումներից էր»։
Լրանում է Հայստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի պաշտոնավարման ժամկետը, և այսօր արարողության վերջում դիմելով ներկաներին, նա ասաց. - «Խոստանում եմ տարիներ անց վերադառնալ որպես տարիքս առած զբոսաշրջիկ, և տեսնել, թե Հայաստանում ընդհանրապես իմ մեկնելուց հետո ինչ է արվել։ Բոլորիդ մաղթում եմ ամենայն հաջողություն»։