Այս տարի նշվում է մեր մեծերից մեկի՝ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 145-ամյակը, որը օրերս նշանավորվեց Հայաստանի ազգային գրադարանում բացված ցուցահանդեսով և անվանի ճարտարապետ Մարիետտա Գասպարյանի դասախոսությամբ՝ նվիրված Թամանյանի մարդկային ազնվագույն կերպարին և նրա անցած ստեղծագործական ճանապարհին։
Ի դեպ, Ազգային գրադարանի հիմնական մասնաշենքը ևս նախագծել է անձամբ Ալեքսանդր Թամանյանը։
Ուշագրավ է Ազգային գրադարանում բացված ցուցահանդեսը, որը չափազանց հետաքրքիր արխիվային նյութեր է ներկայացնում այցելուներին։
Ազգային գրադարանի տնօրենի խորհրդական, Հանրային կապերի բաժնի վարիչ Ներսես Հայրապետյանը նշեց. - «Մեր «Ալեքսանդր Թամանյան» ցուցադրությունը սիրով ենք կազմել։ Մեր Արվեստի բաժինի աղջիկները Հանրության հետ կապերի բաժնի հետ միացյալ, մի մասը գրքեր է բերում, մի մասը՝ հոդվածներ, լուսանկարներ, արխիվային նյութեր։ Եվ որոշեցինք, որ միայն ցուցադրությամբ չբավարարվենք, որոշեցինք, որ նաև հանրային դասախոսություն կազմակերպենք Ալեքսանդր Թամանյան մեծ մարդու շուրջ, որը մեզ քաղաք է նվիրել։ Եվ ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մարիետտա Գասպարյանին ենք հրավիրել։ Միշտ սիրով և հպարտությամբ մեր հյուրերին ներկայացնում ենք, որ Հայաստանի ազգային գրադարանը կառուցվել է Ալեքսանդր Թամանյանի նախագծով, մի քանի նախագծերից մեկն է, որ անձամբ իր մտահղացումն է ամբողջությամբ։ Այսօր դուք կտեսնեք իր ձեռքով արած էսքիզները, էսքիզային նախագծեր, թե ինչպես է ինքը պատկերացրել մեր գրադարանը։ Հիմա մենք ազգային գրադարանում ենք, դիմացը Պոլիտեխնիկական ինստիտուտի համալիրն է, էնտեղ երկու շենք կառուցված է Թամանյանի նախագծով։ Եթե գնանք Աբովյան փողոցի կողմը, համալսարանի Սև շենքը իր նախագծով է։ Բժշկական համալսարանի մոտով իջնենք, գնում ենք նախկին «Զովետի շենքը», հիմա Ժողովրդական տնտեսության համալսարանն է, դարձյալ իր կառուցածն է։ Եվ շատ էդ տեսակ կառույցներ կան, որոնց մասին մենք սովորաբար տեղեկացված չենք»։
Օրվա բանախոս Մարիետտա Գասպարյանի համոզմամբ, Ալեքսանդր Թամանյանը ստեղծեց ազգային ինքնությամբ «արևային մայրաքաղաքի» նախագիծը, որը մեծագույն իրադարձություն էր հայ ճարտարապետության պատմության մեջ. - «Ինքը իսկապես ամենահանճարեղ ճարտարապետն էր, ամենատաղանդավորը։ Ի դեպ, ոչ թե միայն Հայաստանի համար։ Էլ չեմ ասում որքան ինքը որպես մարդ, երևույթ՝ համեստ, կիրթ... ինչքան լավ բաներ կան մարդուն ուղղակի վերաբերվող, դա վերաբերում է հենց իրեն։ Ինքը Երևան եկավ որպես ազգասեր 1919 թվականին։ Ինքը այնպիսի ստեղծագործություններ է կերտել, զարմանալի է, որ հիմա ասում ենք ազգային, հին ավանդույթ և այլն, ինքը կարողացել է դա անել Երևանում չծնված լինելով։ Պարզապես Թորոմանյանի հետ ընկերություն անելով ինքը կարողացել է այնպիսի բաներ ստեղծել, որոնք (դա իմ խոսքերը չեն, այլ ռուս գիտնականների), որոնք հինը օգտագործելով՝ ստեղծել է սուպերժամանակակից ճարտարապետություն։ Դա վերաբերվում էր Կառավարական տանը։ Էլ չեմ ասում մեր Օպերան, էլ չեմ ասում մեր առաջին բոլոր շենքերը, որտեղ օրգանական հասկացողություն կա, որտեղ միջավայր հասկացողություն կա»։
«Ազատության» հարցին, թե արդյոք հարյուր տարի անց մենք շարունակում են թամանյանական ավանդույթները, Գասպարյանը պատասխանեց. - «Նայած ճարտարապետ։ Կան ճարտարապետներ, որոնք իրենց աշխարհահայացքով նմանվում են Թամանյանին, կան որոնք հակապատկերներ են։ Դե զարգանում է կյանքը, բոլորին չես կարող բացատրել, թե ինչ է նշանակում ազգային ինքնությունը։ Կամ ամեն մեկը չի ձգտում։ Բայց պետք է պահպանել, որովհետև ձևի մասին չի խոսքը, մտածելակերպի մասին է խոսքը, կուլտուրայի մասին է խոսքը, մասնագիտական ունակությունների մասին է խոսքը»։