Շունն ըստ էության քրքրել է երեխայի գլուխը, դեմքն ու պարանոցը, ասում է Սպիտակի հիվանդանոցի վիրաբույժը, որ մի քանի ժամ պայքարել է սպիտակցի 8-ամյա երեխայի կյանքը փրկելու համար։
Հայկական գամփռի հարձակումից տուժած Մհերը, որ ծնոտի բազմաբեկոր կոտրվածքների պատճառով դժվարությամբ է խոսում, ասում է՝ Սպիտակի Իտալական թաղամասում շունն անսպասելի է հարձակվել իր վրա։
«Ինչքա՞ն էիր հեռու իրենց»: - «Մի տաս մետր: Ինքը վազելով եկավ ու թաթիկներով քցեց: Հետո քացով տվել եմ»: - «Հետ գնա՞ց, թե՞ արդեն եկան քեզ փրկեցին»: - «Էկան: Մի հատ տղա էկավ, իրա ձեռն էլ կծեցին»:
Երեխան արդեն կարողանում է վեր կենալ անկողնուց, շփվում է հարազատների հետ։ Վիրաբույժ Ալեքս Ասատրյանն ասում է՝ երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, բայց նա դեռ երկարատև բուժում կստանա. - «Երեխան ընդունվել է հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում, ցավային շոկով: Վերականգնվել է ամբողջ գլխամաշկը, մաշկային դեֆեկտը, կատարվել է արյունահեղության դադարեցում: Երեխայի վիճակը կայունացվել է, հեմոդինամիկ տվյալները կայունացվել են»:
8-ամյա տղային ծանր վնասվածքներ պատճառած գամփռը թափառող շուն չէ, տեր ունի։ Մշտապես կապված է նույն թաղամասի բնակիչ Կոստանդյանների տան բակում։ «Ինքը սովորաբար խելոք շուն ա», - ասում է 22-ամյա հովիվ Հայկը:
Դեպքից մեկ օր անց Սննդի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Շանը մեկուսացրել են, սահմանված ընթացակարգով կենդանին ամենօրյա հսկողության տակ է։ Վարքի փոփոխության, որոշակի հիվանդությունների, մասնավորապես՝ կատաղության, կլինիկական նշանների առկայության դեպքում կձեռնարկվեն համապատասխան գործողություններ՝ շունը կքնեցվի և կտարվի լաբորատոր հետազոտության»։
«Ես էսօր ստեղ էի: Կոպիտ ասած՝ էս շունը քեզի բռնեց կերա՞վ», - ասաց Հայկը:
Գամփռն այսօր իր տիրոջ բակում էր՝ ծառի տակ շղթայակապ։ Առանց հաչելու նայեց, հետևեց նկարահումներին ու գլուխը հանգիստ դրեց թաթերին։ Հովիվ Հայկը, որ առողջական խնդիրներ ունի ու ասում է, թե դեպքի օրն էլ բժշկի էր գնացել, պնդում է՝ իրենց Բողարը չէր հարձակվի, եթե թաղի բնակիչները գողության փորձ չանեին։ Աչքի սուրմա թռցնող են՝ մեղադրում է հարևաններին ու հատ-հատ հաշվում վնասները. - «Էս իմ սեփականությունն ա, սեփական անասունն ա»: - «Բա որ հանկարծ էրեխուն մի բա՞ն լիներ»: - «Էդ էրեխուն, իրանց ո՞վ ա ասում արի հասի խալխի հայաթը՞ որ: Էն օրն էլ ստեղ էրկու ոչխար, էրկու գառ թողեցի, լավ չէի, գնացի մինչև հիվանդանոց, էկա, գողացան տարան: Հենա, ձիուն էլ են ուզեցել գողանան գող շները, էդ խի՞ չեն ասում: Մենակ էս շան արածն են ասում, բա էդ իրանց այլանդակ բառերը...»:
Ինչպե՞ս էր շղթայված հովվաշունը, որ կարող էր երեխա հոշոտել, պոկել շղթան։ Արդյո՞ք իսկապես շրջապատի համար վտանգավոր կենդանի է։ Ինչո՞ւ էին երեխաները հասել թաղամասից փոքր-ինչ անջատ՝ Կոստանդյանների անասնագոմերի տարածք։ Հարցեր են, որ իրավապահները ենթադրաբար քննության կառնեն։
Քննչական կոմիտեից «Ազատությանն» ասացին՝ քրեական վարույթ են հարուցել անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով։ Առայժմ մեղադրյալներ չկան։ Քննչականից այլ մանրամասներ չեն հայտնում։
8 տարեկան Մհերը, որ ամբողջ գլուխը վիրակապված է, խոստովանում է՝ ավելի փոքր տարիքի ընկերը քար է նետել շան ուղղությամբ, դրանից է կատաղել շունը. - «Մի հատ փոքր էրեխա կար, քարով խփեց»:
Հովիվ Հայկն էլ իր վարկածն ունի. - «Ստեղ խաղալո՞ւ էին էկել, ինչի՞ էին եկել, դե ասա, ես իմացա ընդուց էն գողի շները՝ մենձերը, ղրգել են, ասել են՝ գնացեք հլը տեսեք տարածքում հեչ մարդ կա՞, թե՞ չկա: Դրանք էլ էկել են ստի, էս շունը ջնջիլը կտրել ա՝ իրա շնությունը պտի անե՞ր, թե՞ չաներ: Դրանք վազել են հելել են, էն ջարդած կռիշը տենո՞ւմ ես՝ այ էն կռիշի վրա են հելել, էդ էրեխեն մնացել ա, ասել են՝ ջնջիլից բռնի, էդ բան չի անում, չի կծում: Էդ էլ ջնջիլը բռնել ա, էդ էրեխուն ա բռնել, գազազած շուն՝ ի՞նչ պիտի անի»:
Հովիվ Հայկը թեև մեղադրում է, բայց նաև խոստանում է՝ պատրաստ են աջակցել տուժած երեխայի ընտանիքին։ Մատաղի գառն արդեն ընտրել են. - «Մի հատ գառ կտանք, թող մատաղ անեն, էտի սաղ մեր կողմից: Հիվանդանոցի ծախս ա, բան ա՝ սաղ մեր կողմից անում ենք»: