ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծովակալ Լիզա Ֆրանչետիին առաջադրել է նավատորմի հրամանատարի թեկնածու: Այդ պաշտոնում հաստատումը վերապահված է ԱՄՆ Սենատին:
Հաստատվելու դեպքում Ֆրանչետին կդառնա հրամանատարի պաշտոնը զբաղեցրած առաջին կինը Միացյալ Նահանգների նավատորմի պատմության ընթացքում: Նա կդառնա նաև առաջին կինը, ով կընդգրկվի ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբում:
Այդ կառույցում 8 բարձրաստիճան սպաներ են՝ գեներալներ և ծովակալներ, որոնց պարտականությունն է խորհուրդներով և առաջարկներով օգնել գերագույն գլխավոր հրամանատար նախագահին, պաշտպանության նախարարին և ազգային անվտանգության հարցերով խորհրդականին:
Լիզա Ֆրանչետին անցյալ տարվա սեպտեմբերին նշանակվել է նավատորմի փոխհրամանատար, նա հրամանատարի պաշտոնը ստանձնելու թեկնածուներից մեկն էր և մեծ հեղինակություն է վայելում զինված ուժերում: