Կանադան մասնակցելու է Հայաստանում ԵՄ առաքելությանը, հայտարարել է Կանադայի արտգործնախարարը։
«Կանադան հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Այդ իսկ պատճառով մենք մեծացրել ենք մեր հետքը տարածաշրջանում», - Թվիթերում գրել է Մելանի Ջոլին։
Նա հայտարարել է, որ Կանադան ԵՄ-ի կողմից ընդունվել է որպես առաքելության երրորդ կողմ։
Եվրամիության առաքելության նպատակն է նպաստել «Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, ստեղծել վստահություն և մարդկային անվտանգություն հակամարտությունների ազդեցության տակ գտնվող տարածքներում և ապահովել ԵՄ կողմից աջակցվող՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր»:
Արտգործնախարարը նաև ասել է, որ Կանադան պատրաստվում է ընդլայնել դիվանագիտական ներկայությունը Հայաստանում: Ներկայումս ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում 2023 թվականի աշնանը Հայաստանում դեսպանություն բացելու ուղղությամբ։ Դեսպանատան բացման մասին հայտարարվել էր անցած տարի։
Արձագանքելով Օտտավայի որոշումներին՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կրկին Թվիթերում գրել է, որ Երևանը բարձր է գնահատում Կանադայի ներդրումն ու ներկայությունը Հայաստանում՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքներին ընդհանուր հավատարմության վրա։