Մատչելիության հղումներ

Մեկնարկել է «Չարենցյան ամառ» ծրագիրը


Եղիշե Չարենցի տուն-թանգարանը մայրաքաղաքի ամենաաշխույժ մշակութային կենտրոններից մեկն է, որտեղ շատ հաճախ կարող ես ներկա գտնվել նոր ցուցադրությունների բացմանը, գրքերի շնորհանդեսների, գրական-երաժշտական երեկոների, հանդիպումների անվանի մշակութային գործիչների հետ և այլն։

Երեկ ևս այնտեղ մի նոր ցուցադրություն բացվեց, որը «Ազատության» հետ զրույցում ներկայացրել տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը. - «Երեկ ՀՆԱՐ արվեստի աշխատարանի կողմից բացվեց ցուցադրություն Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ։ Այդ աշխատարանի կազմակերպիչները նախընտրեցին մեր թանգարանում իրականացնել՝ հաշվի առնելով, որ նախորդ տարին հոբելյանական էր Չարենցի, կարծես այդ հոբելյանական շղթան հանձնելով, տանելով դեպի Փարաջանով։ Գիտենք, որ հաջորդ տարի նշելու ենք Փարաջանովի 100-ամյակը, և դրան ընդառաջ արդեն ՀՆԱՐ արվեստի աշխատարանը մեր թանգարանում բացել է ցուցադրություն փարաջանովյան մոտիվներով։ Իհարկե, աշխատանքների մեկնարկը տրվել է Փարաջանովի թանգարանում, այնուհետև, որպես տրամաբանական շարունակություն հոբելյանների, դրվել է մեր թանգարանում։ Ներկայացված են աշխատարանի սաների աշխատանքները, շատ հետաքրքիր աշխատանքներ են։ Երեխաները տարբեր ձևերով փորձել են փարաջանովյան մոտիվներով իրենց ստեղծագործությունները անել, իհարկե՝ իրենց ուսուցիչ Նարեկ Հայրապետյանի օգնությամբ»։

Ամառային այս օրերին թանգարանը շատ ուշագրավ ծրագրեր է նախաձեռնում երեխաների և դպրոցահասակ պատանիների համար։ Մի այդպիսի ծրագիր մեկնարկել է հունիսին և կեզրափակվի հոկտեմբեր ամսին։ Ժաննա Մանուկյանի խոսքով, դա շատ կարևոր ծրագիր է 14 տարեկան պատանիների համար ավելի խորը ծանոթանալու Եղիշե Չարենցի ապրած ծանր ժամանակաշրջանի և իր ժամանակակիցների հետ. - «Հայաստանի գրողների միության հետ համագործակցությամբ մեկնարկել ենք «Չարենցյան ամառ» ծրագիրը, որը իրենցի ենթադրում է մի քանի փուլ։ Առաջին փուլում պետք է ամբողջ ամառվա ընթացքում պատանի դպրոցականները իրենց ուսուցիչների հետ միասին իրականացնեն հետազոտական աշխատանք «Չարենցը և մյուս ժամանակակիցները» խորագրով։ Նախ, փորձում ենք իրականացնել Չարենցի երազանքը, որն էր մանուկ ընթերցողների կոնֆերանսի գաղափարը։ Սա կարծես այլընտրանքային ձևաչափն է. առաջին փուլում հետազոտական աշխատանք ամբողջ ամառվա ընթացքում, հայտերը ընդունում ենք մինչև սեպտեմբերի 20-ը։ Դրանից հետո արդեն իրենք կվերլուծեն, այդ հայտերը կուղարկեն մեզ, որից հետո կկազմակերպվի կոնֆերանսը Հայաստանի գրողների միությունում։ Մենք կփորձենք ընտրել լավագույն աշխատանքները, կփորձենք դրանք պատրաստել տպագրության»։

Իհարկե, ամռանը ավանդաբար ավելանում է նաև թանգարանի թե' տեղացի և թե' հատկապես օտարերկրացի այցելուների թիվը. - «Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի համեմատաբար ավելի շատ են, հատկապես զբոսաշրջիկները։ Եթե համեմատում ենք նախորդ տարվա առաջին կիսամյակի և այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները, ապա ակնհայտ է զբոսաշրջիկների թվի ավելացումը։ Դրան զուգահեռ շատ են տեղացի մեր չարենցասերները, գրականասերները, տեղացի համայնքը, ինչը շատ ուրախալի է»։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանից զբոսաշրջիկները նաև կարող են տարբեր լեզուներով թարգմանված Չարենցի գրքերը ձեռք բերել, որոնք լույս են տեսել տուն-թանգարանի գրահրատարակչական լուրջ գործունեության շնորհիվ։ Իհարկե, բացի թարգմանական գրականությունից, թանգարանի գիտաշխատողների ջանքերով նորանոր ժողովածուներ ու նոր գրքեր են տպագրվում։

Ինչպես նշում է Ժաննա Մանուկյանը, մինչև տարեվերջ ևս երեք նոր գիրք լույս կտեսնի. - «Ակադեմիական երկերի ժողովածուի առաջին հատորի մեկնարկը տրված է, հիմա վերջին շտրիխներն են։ Անպայման այս տարի կլինի շնորհանդեսը, կազմակերպչական փուլում ենք։ Եվ նախատեսվում է Չարենցի 125-ամյակին նվիրված բոլոր միջոցառումների կատալոգը կազմել, որը ևս մինչև տարեվերջ կլինի։ Ինչպես նաև 125-ամյակի շրջանակում կազմակերպված հանրապետական գիտաժողովի նյութերի հրատարակումն է նախատեսվում մինչև տարեվերջ։ Թանգարանը հաջորդ տարի նախապատրաստվում է իր հիմնադրման 60-ամյակին։ Թանգարանը հիմնադրվել է 1964 թվականին Մինիստրների խորհրդի որոշմամբ, բայց բացվել է 11 տարի անց՝ 1975 թվականին։ Այսինքն՝ մեզ համար հոբելյանական են լինելու կարծես երկու տարիները՝ և' 24 թվականը, և' 25 թվականը։ Մի դեպքում հիմնադրման 60-ամյակը, մյուս դեպքում բացման 50-ամյակը։ Դրա շրջանակում կնախատեսվեն տարբեր ծրագրեր, միջոցառումներ, ինչի մասին առաջիկայում կտեղեկացնենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG