Մատչելիության հղումներ

«Զվարթնոցում» ձերբակալվել, ապա ազատ է արձակվել ՌԴ-ի կողմից հետախուզվողը, ում Կիևը փախստականի կարգավիճակ է տվել


Երեկ կեսգիշերին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել, այսօր արդեն ազատ է արձակվել Ռուսաստանի կողմից հետախուզվող Իրինա Բելաչեուն։ 55-ամյա կինը 2016-ին մասնակցել է Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիային, ձու նետել դեսպանատան ուղղությամբ, ինչից հետո Ռուսաստանը քրեական գործ է հարուցել Կիևում բնակվող իր քաղաքացու նկատմամբ ու հետախուզում հայտարարել։ Ուկրաինան նրան փախստականի կարգավիճակ է տրամադրել, դա վկայող կապույտ անձնագրով էլ կինը երեկ Թբիլիսիից Երևան է եկել՝ ըստ դստեր։

«Զվարթնոց» օդանավակայանից Բելաչեուին տեղափոխել էին ձերբակալվածների պահման վայր։ Նրա դուստրը դիմել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, որի իրավական բաժնի համակարգող Անի Չատինյանն «Ազատությանն» ասաց՝ Հայաստանն իրավական որևէ նորմ չունի ՌԴ-ի կողմից հետախուզվող քաղաքացիներին ձերբակալելու վերաբերյալ։

«Հայաստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ կատարում է ոչ իրավական պետության ապօրինի պահանջները, այն է՝ ձերբակալել և ձերբակալման մասին հայտնել Ռուսաստանի Դաշնությանը իր քաղաքացիների վերաբերյալ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այս հիմքով ձերբակալման ընթացակարգ չի նախատեսում, այսինքն՝ երեք տեղի ունեցած ամբողջ գործընթացը, որը մոտավոր տևել է 6-ից ավելի ժամեր, ապօրինի է», - նշեց նա։

Ռուսական իշխանությունների կողմից հետախուզվող կնոջ դուստրը՝ Հանա Նիկոլայենկոն, իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ինչպես է մայրը երեկ երեկոյան Թբիլիսից հասել Երևան, կեսգիշերին էլ այստեղ՝ ձերբակալվել. «Երևան ժամանելուն պես մորս անձնագրում մուտքի կնիք դրեցին... և անմիջապես հայտնեցին, որ ՌԴ-ում իր դեմ քրեական գործ է հարուցվել, ինչը նշանակում է, որ չի կարող օդանավակայանից ներս անցնել, այսինքն՝ մտնել Հայաստան։ Հետո ես ու մայրս մի քանի ժամ անցկացրինք ոստիկանական բաժանմունքում։ Ամենայն հավանականությամբ նրան չեն հանձնի ՌԴ-ին։ Ոստիկաններն գրեթե երդվում էին, որ չեն արտահանձնի, բայց դա փաստարկ չէ»։

Անցած տարի Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Հանա Նիկոլայենկոն մինչև այս պահը մոր հետ կապի մեջ էր փաստաբանի օգնությամբ։ «Ազատության» հետ զրույցում փաստաբան Սամսոն Գալստյանն ասաց՝ այսպիսի ևս 3 գործ է ունեցել վերջերս, ու բոլորը Ռուսաստանում հետախուզվող քաղաքացիներ էին, որոնք Հայաստան մտնելիս ձերբակալվել են, հետո, սակայն, գործընթացը կանգ է առել, որովհետև հիմքեր չեն եղել։

«Անընդհատ այդ նույն պրոցեսն անում են, անընդհատ նոր մի ձերբակալվածին ազատ են արձակում, նորից ձերբակալում։ Այն միջազգային իրավական նորմերը, որոնց վկայակոչում են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կա, իրենք պետք է հասկանան՝ արդյոք այդ միջազգային իրավական նորմերով կարող է էքսդրադիցիա կատարվել, թե ոչ, արդյոք այնտեղի կիրառած խափանման միջոցը կարող է հիմք հանդիսանալ այստեղ ձերբակալում կատարելու, թե չէ, ձերբակալման հիմքերի ու նպատակի բացակայությունը ... պայմաններում են անձին ձերբակալում», - ասաց փաստաբանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին պատերազմից հետո Ռուսաստանի կողմից հետախուզվող շուրջ 12 քաղաքացի է այս խնդրով դիմել։ Գրասենյակից ասում են՝ նրանց մի մասը, ինչպես Բելաչեուն ձերբակալվել է, մյուս մասին փորձել են ձերբակալել։

Իրավական բաժնի համակարգող Անի Չատինյանը հիշեցրեց՝ այս ամսվա սկզբին Արդարադատության նախարարությունը մերժել է քաղաքական մոտիվներով հետախուզման մեջ գտնվող Մարիա Ռոուզին արտահանձնելու Ռուսաստանի պահանջը՝ հղում անելով միջազգային իրավական փաստաթղթերին։

«Մի կողմից ունենք նմանատիպ պրակտիկա, իսկ երեկ գիշերը անձը ձերբակալվեց առանց որևէ իրավական հիմքը։

Մեր բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ այս և նմանատիպ մարդու իրավունքների խախտման դեպքերով գործի համակարգային միատեսակ մոտեցումը։ Ահասարսուռ հանգամանքը նա է, որ Հայաստանի Հանրապետությունն անմիջապես հայտնում է այս մասին նախաձեռնող կողմին՝ Ռուսաստանի Դաշնությանը, որ այս անձը հայտնաբերվել է այստեղ, այսինչ հանգամանքներում և այլն, և նստում, ժամերով սպասում ՌԴ-ից սպասվող պատասխանին», - նկատեց նա։

Գլխավոր դատախազությունից չպատասխանեցին «Ազատության» հարցերին, թե ինչ հիմքով է երեկ «Զվարթնոցում» ձերբակալվել Ուկրաինայի կողմից փախստականի կարգավիճակ ստացած ՌԴ քաղաքացին, ու արդոք ռուս իրավապահներն իրենց դիմել են նրան արտահանձնելու պահանջով, հորդորեցին հարցերը գրավոր ուղարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG