Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն երեկ ասել է, որ Վրաստանը մոտ ապագայում կսկսի Լեհաստանի հետ համատեղ արտադրել մեծ քանակով մարտական անօդաչու թռչող սարքեր:
«Մենք ամբողջությամբ պատրաստել ենք անհրաժեշտ ենթակառուցվածքը, փորձնական թռիչքներ ենք իրականացրել, Լեհաստանից բերել ենք փորձնական նմուշները: Եթե ոչ առաջիկա օրերին, ապա օգոստոսին կամ սեպտեմբերին կսկսենք զանգվածային արտադրությունը», - «Իմեդի» հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը:
Մարտական ԱԹՍ-ներ արտադրելու գաղափարը Վրաստանում սկսել են քննարկել 2021 թվականին: 2022-ի նոյեմբերին WB Electronics լեհական ընկերությունը և «Դելտա» վրացական ռազմագիտատեխնիկական կենտրոնը ստեղծել են «Դելտա-ՎԲ» համատեղ ձեռնարկությունը, որը պետք է ԱԹՍ-ներ արտադրի:
Այս տարվա հունվարին արտադրվել են Warmate տեսակի առաջին «կամիկաձե» և FlyEye տեսակի առաջին հետախուզական ԱԹՍ-ները:
Warmate-ը համարվում է թիրախային ոչնչացման բարձր արդյունավետություն և ճշգրտություն ունեցող անօդաչու, որը կարող է տարբեր մարտագլխիկներ կրել:
FlyEye-ն, ըստ փորձագետների, կարող է հետախուզական թռիչքներ կատարել բարդ օդերևութաբանական պայմաններում և հաղթահարել հակառակորդի ռադիոէլեկտրոնային համակարգերի ազդեցությունը: