Մատչելիության հղումներ

Մատենադարանի տնօրենի պաշտոնում ընտրվեց Արա Խզմալյանը


«Էստեղ հանցակազմ չկա կասկածանքի տեղ լինի։ Կա պատասխանատվություն, ընթացել են օրինական ընտրություններ», - Մատենադարանի տնօրենի պաշտոնում ընտրվելուց հետո լրագրողներին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։

Խզմալյանը հրաժարվում է պատասխանել հարցին՝ իր անձո՞վ էր պայմանավորված հաղթանակը, թե՞ ներկայացրած ծրագիրն էր ամենահաջողը։ Խորհուրդ է տալիս հոգաբարձուներից ճշտել։ Իսկ վերջերս ձևավորված խորհրդում մեծ մասը կառավարության ներկայացուցիչներ են, այդ թվում Խզմալյանի ներկա ու նախկին վերադասներն ու գործընկերները՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, գերատեսչության մյուս փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ու ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը։

«Հարցը կոռեկտ չէ, որովհետև ես չեմ կարող գնահատել իմ արած աշխատանքը։ Դրա համար կա հոգաբարձուների խորհուրդ, որը իր դիրքորոշումը այսօր արտահատեց։ Դուք հոգաբարձուների խորհրդի անդամներին էդ հարցը պիտի տաք, ոչ թե մասնակիցներից մեկին», - ասաց Խզմալյանը։

Որ «Մատենադարանի» տնօրենի ընտրությունն արդեն կանխորոշված է և հենց Արա Խզմալյանն է լինելու հաղթող թեկնածուն, դեռ ընտրությունից օրեր առաջ մամուլն էր պնդում։ Շեշտվում էր՝ պատահական չէ, որ մրցույթից 2 ամիս առաջ կառավարությունը փոխեց ընտրության կարգը, վերանայեց կանոնադրությունն ու հոգաբարձուների խորհրդում շեշտակի ավելացրեց իր ներկայացուցիչների թիվը։

Նախկին կարգի համաձայն, Մատենադարանի տնօրեն դառնալու համար պետք էր ունենալ դոկտորի կոչում, այս պահանջը, սակայն հիմա վերացվել է։ Ընդ որում, 3 թեկնածուներից միայն Արա Խզմալյանը չուներ դոկտորի կոչում, նա արվեստագիտության թեկնածու է։ Այս փոփոխությունները, ԿԳՄՍ նախարար ու Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանի պնդմամբ, այլ նպատակով էին արվել. - «Գիտությունների դոկտորի աստիճան նոր օրենքով չի շնորհվելու։ Սա նշանակում է, որ գիտական գործունեությամբ զբաղվող անձը ունենալու է գիտական մեկ աստիճան։ Եվ էստեղ էդ փոփոխությունների տրամաբանությունը շատ պարզ է»։

Հոգաբարձուների խորհրդի 13 անդամից միայն 2-ն են Մատենադարանից, մյուսները կառավարությունից ու այլ կառույցներից են։ Մինչդեռ մինչև փոփոխությունները հոգաբարձուները 24-ն էին, որոնցից 11-ը Մատենադարանի աշխատակիցներ էին։ Սա էլ, ըստ Անդրեասյանի, խորհրդի արդյունավետությունը բարձրացնելու համար է արվել։

Հաղթող թեկնածուն կարծում է, որ Մատենադարանը բարդագույն կառույց է, և դրա ղեկավարման համար անհրաժեշտ է փորձ։ Խզմալյանը 8 տարի Մատենադարնի արխիվային բաժնի վարիչ է եղել, 4 տարի էլ տնօրենի խորհրդական. - «Նայեք Մատենադարանի ծավալները, նայեք Մատենադարանի բազմաբովանդակ, բազմաբնույթ շերտերը, նայեք արտաքին քաղաքականության մեր մարտահրավերները, այսինքն՝ էստեղ շատ հարցեր են հավանաբար նկատի առնվում»։

Հայկական հին ձեռագրերի ուսումնասիրությամբ զբաղվող հիմնական կառույցի տնօրենի մրցույթին մասնակցող երեք թեկնածուներից մեկը՝ Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը այսօր ինքնաբացարկ ներկայացրեց, պնդեց՝ սեփական կամքով. - «Որովհետև ես հասա իմ նպատակին, որ անցկացրի մի թեթևակի դասախոսություն Մատենադարանի շուրջ, ինչ է դա, և չտրվեցի քննվողի կարգավիճակի, որ ինձ քննեն, թե ով եմ, ինչ եմ ուզում, ինչ եմ պատկերացնում... ոչ»։

Մյուս թեկնածուն՝ Կարեն Մաթևոսյանն այսօր հրաժարվեց հարցազրույցից։ Նա տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել գարնանը։ Նախորդ տնօրենի՝ Վահան Տեր-Ղևոնդյանի պայմանագրի ժամկետը լրացել էր գարնանը, կառավարությունն էլ չէր ցանկացել երկարացնել նրա հետ պայմանագիրը։

Մամուլը գրել էր, թե Տեր-Ղևոնդյանի հետ գործող կառավարությունը չցանկացավ գործակցել, քանի որ նա Մատենադարանի դահլիճը տրամադրել էր ընդդիմության միջոցառումներից մեկն անցկացնելու համար։

Ինքը՝ Մատենադարանի նախկին տնօրենը հրաժարվել էր ուղիղ պատասխանել, թե արդյոք իշխանության դժգոհությունը իրենից նաև ընդդիմադիրներին դահլիճ տրամադրելու պատճառով էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG