Մատչելիության հղումներ

Ավագանու որոշումներ՝ արտահերթ նիստերով, մեկ անձից գնումներ, ինչո՞ւ. քննարկում Վանաձորում


Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան, արխիվ
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան, արխիվ

Համայնքների ավագանու արտահերթ նիստերը հաճախ չպատճառաբանված են լինում ու պարզ չէ՝ ինչո՞ւ ավագանին ոչ թե հերթական, այլ արտահերթ նիստով է որոշումներ կայացնում, ինչո՞ւ հնարավոր չի լինում դրանք հերթական նիստերի օրակարգով քննարկել։

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Վանաձորում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց՝ ուսումնասիրել են, հաճախ համայնքներում հրատապ հարցերի շարքում քննարկվում ու որոշումներ են ընդունվում այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնք կարելի էր ավելի վաղ ներկայացնել ավագանուն, դրանք մանրամասն վերլուծելու ժամանակ տրամադրվեր։

«Հրատապ հարցեր, որոնք խցկվում են ավագանու օրակարգի մեջ, որը նախապես չի եղել հայտարարված, որի մասին փաստաթղթերը, հավելվածները չեն ուղարկված եղել հանրությանը և ավագանու անդամներին, հրապարակված չեն եղել», - նշեց Բարսեղյանը:

Օրինակ՝ Լոռու Գյուլագարակ համայնքի այս տարվա 9 նիստերից 4-ը արտահերթ են եղել։ Համայնքապետարանի կայքում տեղադրված նիստերի ձեռագիր արձանագրության տեքստում որևէ մանրամասն չկա՝ ի՞նչ են քննարկել այդ արտահերթ նիստում, ինչո՞ւ է անհրաժեշտ եղել օրակարգում ընդգրկված մեկ-երկու հարցերը քննարկել ու որոշումներ ընդունել հենց արտահերթ նիստով։ Դրանք հիմնականում նախորդ նիստերին ընդունված որոշումներում կամ արդեն հաստատված բյուջեում փոփոխություններ անելու մասին են։ Տեքստը հրապարակված է առանց մանրամասների, առանց նախորդ որոշումների տեքստերը հրապարակելու, չկան հստակ հավելվածներ՝ մանրամասներով։ Այսինքն՝ փոփոխության իմաստը հասկանալու համար հարկ է գտնել նախկին որոշումը, բյուջեի թվերն իրար կողքի դնել, համեմատել։ Ընդ որում, կայքում տեղադրված տեսաձայնագրությունն ընդհանրապես լսելի չէ, և հնարավոր չէ հասկանալ որոշման նախագծի տեքստը, որն ընթերցելուց հետո ընդունվել է միաձայն ու առանց առարկությունների։

«Եթե դա հրատապ է, արտառոց է, որովհետև հրատապ է դեպքն իսկապես, օբյեկտիվորեն, սա հասկանալի է, բայց անգամ այդ դեպքում ղեկավարը պարտավոր է հաշվետու լինել, թե ի՞նչն է իրեն ստիպել՝ ինքը մեկ անձից գնում անի և ոչ թե մրցույթով», - ընդգծեց Լևոն Բարսեղյանը:

Անհասկանալի է՝ ինչո՞ւ է օրինակ հունվարի 31-ին ավագանին Գյուլագարակի աշխատակազմի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատել արտահերթ նիստում, որտեղ 15 անդամներից միայն 8-ն են ներկա եղել։ Ի դեպ, կայքում տեղադրված որևէ հավելվածում հրապարակված չեն այդ հաստատված հաստիքացուցակն ու դրույքաչափերը։

Նույն կերպ անհասկանալի է հրատապ, մեկ անձից կատարվող գնումների պրակտիկան Հայաստանում, ասում է «Ասպարեզ» ակումբի նախագահը։ Օրինակ է բերում՝ կան հստակ օրացուցային տոնակատարություններ, որոնք շարժական չեն, ամեն տարի համայնքապետարանները դրանց վրա մեծ ծախսեր են անում։ Մինչդեռ հաճախ ոչ թե նախապես մրցույթներ են հայտարարվում ու հաղթող ընկերություններին են տալիս դրանք կազմակերպելու իրավունքը, այլ մեկ անձից գնումների սկզբունքով կոնկրետ ընկերություն ընտրում դրա համար։

«Այդ օրացուցային տոները չեն տեղաշարժվում, Վարդավառի նման շարժական տոներ չեն, ի՞նչ կլինի, որ էսօր, էս տարի՝ երկրորդ կիսամյակ եկանք, համայնքապետարանը մրցույթ հայտարարի 24 թվականի բոլոր տոնակատարությունների կազմակերպման և իրականացման համար: Բացատրեք՝ ինչի՞ եք մեկ անձից գնում կատարել: Որովհետև համայնքային իշխանությունը սեփական փողեր չունի, պետական իշխանությունը սեփական փողեր չունի՝ նրանք միշտ օգտագործում են մեր փողերը», - նշեց Լևոն Բարսեղյանը:

Քննարկման ժամանակ Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանը հիմնականում համաձայնեց դիտարկումներին։ Ասաց՝ համայնքապետարանը միջոցներ ձեռնարկում է աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու համար, բայց նշեց, թե շատ դեպքերում ստիպված են լինում նախկին ղեկավարներից հետո շատ բան զրոյից սկսել։

Վանաձորի նախկին համայնքապետի թիմակից, ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը տարակուսեց՝ ի՞նչ է նշանակում զրոյից, արդյո՞ք նախկինում աշխատանք չի արվել, որը կարելի էր շարունակել։ Ինչո՞ւ են զրոյից սկսում այն դեպքում, երբ համայնքի գործող ղեկավարը նախորդ հինգ տարիներին մեկուկես տարի առաջ կալանավորված նախկին համայնքապետի տեղակալն է եղել։ Պետք է որ աշխատանքը շարունակվեր, ոչ թե զրոյից սկսվեր։

Մամուլի խոսնակն ասաց. - «Զրոյական կետը՝ նկատի ունեմ, որ շատ հարցեր կան, որոնք արդեն պիտի ավանդույթները ձևավորված լինեին, արդեն պիտի դրանք արված լինեին, բայց մենք դա նոր ենք անում: Փաստաթղթերի մասին չի, ես չասացի փաստաթղթերը չկան, բայց պատշա՞ճ են արդյոք դրանք, թե՞՝ ոչ: Մենք ունենք կայք՝ կայքում ամեն ի՞նչ պատշաճ է դրվում, թե՞ նորից զրոյից պիտի սկսվի դրանց վրա աշխատել»:

Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը մշտապես դիտարկող Լևոն Բարսեղյանն ասում է՝ շատ բան իր տեղը կընկնի, եթե իշխանությունները համայնքային ռեսուրսներին վերաբերվեն ինչպես իրենց անձնական միջոցներն են խնայողաբար օգտագործում։

«Ձեր տան համար լինի, հարգելի՛ իշխանավորներ, դուք դա շատ լավ գիտեք՝ ինչպես օպտիմալացնել և չչարաշահել էդ փողերը, անտեղի գերածախսեր չանել: Համայնքային փողերով եղավ, մեկ էլ պատմում են՝ «է, Սերոժը 50 տարի ըտեղ աշխատել է, մեղքերս տվեց՝ պահեցինք ցերեկային պահակ». նկարչական դպրոցում՝ ցերեկային պահակ, դուք պատկերացնում ե՞ք ինչ մսխողների մասին է խոսքը», - ասաց «Ասպարեզ» ակումբի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG