Նախորդ շաբաթ Դյուսելդորֆի օդանավակայանում կրքերը թեժացել են, երբ Հայաստան թռչող ինքնաթիռի տոմսը ձեռքներին մարդիկ միայն օդակայանում են տեղեկացել՝ թռիչքը հետաձգվում է։ Ասում են՝ ազգային փոխադրող ներկայացող FlyOne Armenia ընկերությունից ոչ ոք իրենց չի մոտեցել, որ բացատրի՝ քանի՞ ժամ կամ օր պետք է սպասեն։
«Մոտ 300 հոգի մնացել են առանց թռիչքի: Էսպիսի բան ո՞նց կարելի է անել: Կարո՞ղ եք դուք փոխհատուցել, որ կարողանաք էս ամեն ինչի տակից դուրս գալ», - ասում էր ուղևորներից մի կին:
«Առաջին և վերջին անգամ FlyOne-ով... 6-7 ժամ եղավ՝ օդակայաններում կսպասեինք: Հեչ լավ չէ», - ասում էր մյուսը:
«FlyOne-ից էլ տոմս առնող չկա, վերջ», - հայտարարում էր երրորդը:
Քաղաքացիներն ասում են՝ մի քանի հարյուր հոգով էին, ոչ սնունդ են տվել, ոչ էլ անգամ ջուր։ Պատմեցին՝ երբ արդեն հուսալքված սկսել են դժգոհել՝ մի մարդ է մոտեցել, ասել, որ տարածքի խանութներից մեկից կարող են ջուր և սնունդ գնել, կտրոններն էլ պահել հետագա փոխհատուցումների համար։ Բայց այդպես էլ չեն ստացել ամենակարևոր հարցի պատասխանը՝ ե՞րբ կարող են Հայաստան հասնել։
Հետո ավտոբուսով երկու ժամ տեղափոխվել են հարակից բնակավայր, որտեղից պետք է թռիչք լիներ, այնտեղ էլ ոստիկաններն են շրջափակել ավտոբուսը՝ արգելելով մարդկանց իջնել, ու հետո կրկին վերադարձրել են Դյուսելդորֆի նույն օդակայան.
«Մենք FlyOne-ի ոչ մի ներկայացուցիչ չենք տեսել, մեզ ոչինչ ոչ մեկ չի ասել: Հետաձգել են, հետաձգել են, հետո տարել են ուրիշ գյուղ, երկու ժամ ճանապարհ են տարել, էնտեղ մեզ փոլիսը դիմավորել է, հետ է ուղարկել նորից Դյուսելդորֆ: Եկել ենք մենք մեր գլխի նստել ենք էդտեղ, սպասել ենք, որ ռեյս է եղել, ուղարկել են: Սկզբից գրում էին, որ ժամը 9-ին են ուղարկելու, հետո ժամը 10-ը, 11:15 էր կարծեմ, որ մենք թռել ենք: Ոչ մի տիպի օգնություն չեն արել՝ ո՛չ հոթելով են ապահովել... Վերջը թռանք, եկանք հասանք Երևան, հիմա հետադարձն էլ էլի նույնով է, բայց ուզում եմ, որ ինձ տոմսիս փողը հետ տան, որ ես ուրիշ տոմս վերցնեմ», - պատմում էր ուղևորուհին:
Այսպես անցել է մեկ օր, մինչև օդակայանից օդակայան դեգերող մարդիկ հասել են Հայաստան։
2021 թվականից թռիչքներ իրականացնող FlyOne ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանն «Ազատության» հետ զրույցում այս անգամ էլ ներողություն խնդրեց ուղևորներից։ Նրա հետ «Ազատության» նախորդ հարցազրույցը երկու ամիս առաջ էր, երբ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթը հետաձգվել էր 28 ժամով։ Այդ անգամ, ըստ Անանյանի, ինքնաթիռը չնախատեսված տեխնիկական խնդիր է ունեցել, իսկ այս անգամ՝ թռչունն է վայրէջքի ժամանակ բախվել ինքնաթիռին ու վնասել այն:
«Ավիաընկերության ներկայացուցչությունը արել է հնարավորը, որպեսզի կարողանա կազմակերպել վերադարձը, սակայն քանի որ Դյուսելդորֆի օդանավակակայանը ունի ժամային սահմանափակումներ, այդ հետաձգումները տեղի են ունեցել: Ցանկացած դեպք ուսումնասիրելու ենք, մեր ուղևորները ունեն, ունենալու են բոլոր հնարավորությունները իրենց խնդիրները բարձրացնելու», - վստահեցրեց Անանյանը:
Ուղևորների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Passenger.am ընկերության համահիմնադիր և տնօրեն Վաներ Հարությունյանն «Ազատությանն» ասաց՝ FlyOne Armenia-ից քաղաքացիները շարունակում են ամենաշատը դժգոհել։ Փորձագետը տարակուսած է՝ ինչո՞ւ Հայաստանը Եվրամիության օրինակով չի խստացնում «Ավիացիայի մասին» օրենքը։
«Հայաստանը միջազգային պարտավորություն ունի՝ միջազգային պայմանագրով վավերացված արդեն՝ փոխելու իր օրենսդրությունը քաղավիացիայի և ուղևորների իրավունքների ոլորտում: Կարևորն այն է, որ հավասարության նշան դրվի բոլոր ավիաընկերությունների համար, ովքեր որ կա՛մ կմեկնեն, կա՛մ կժամանեն Հայաստան: Խախտումների դեպքում՝ կոնկրետ ֆինանսական հետևանքներ ավիաընկերության համար», - նշեց Հարությունյանը՝ համոզմունք հայտնելով, որ «ուղևորները ավելի տեղեկացված կլինեն, ավիաընկերությունները ավելի կարգապահ կլինեն, և դրանով ուղևորաշրջանաությունը՝ նաև դրսից, կավելանա»:
«Զվարթնոց»-ի չվացուցակով թեև վերջին մեկ շաբաթվա ընթացքում ազգային փոխադրող ներկայացող ընկերությունը մեկ չվերթ է չեղարկել, բայց իրար հաջորդում են ուշացումների մասին տեղեկությունները։ Ընկերության ֆեյսբուքյան էջում նույնպես այդպիսի գրառումներ են գերակշռում, որոնց մարդիկ արձագանքում են օդակայանից լուսանկարներով ու տեսանյութերով, որ հենց տեղում են իմացել՝ չվերթն ուշանում է, հաճախ նաև՝ ավելի քան 8 ժամ, կամ՝ 1-2 օր։
«Ինչո՞ւ են դժգոհություններն այսքան շատ, գուցե ինքնաթիռներն են քիչ», - «Ազատության» հարցին ընկերության ներկայացուցիչը պատասխանեց՝ ընկերությունը 2 սեփական ինքնաթիռ ունի, բայց տարբեր միջոցներով շահագործում է 7-8 օդանավ, դրանցից 4-ն էլ ապահովում են դեպի Եվրոպա թռիչքները։ Ըստ նրա՝ օդանավերի թվի խնդիր չկա, բայց դժգոհություններն, ընդունում է, քիչ չեն. - «Մեր ավիաընկերությունը եզակիներից մեկն է, որ երբեք չի թաքցրել ոչ մի խնդիր և բոլոր իր հայտարարությունները արել է ազնվաբար: Դա է ատճառը, որ ցանկացած նման իրավիճակում մենք բաց ենք թե՛ պարզաբանումների, թե՛ հստակեցումների համար, և այս առումով վերջին դեպքերը բացառություն չեն»:
Դյուսելդորֆից մի կերպ Հայաստան հասած ուղևորները դժգոհում են՝ մի՞թե Հայաստանում չկա մի մարմին, որ կարողանա ընկերությանը տուգանել։ Տարակուսած են՝ գուցե պատճառն այն է, որ հայ-մոլդովական FlyOne Armenia ընկերության սեփականատերերից է նաև իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՞ ընտանիքը։
Հայաստանում այս ոլորտը վերահսկող Քաղավիացիայի կոմիտեի խոսնակը «Ազատության» զանգերն անպատասխան թողեց։ Իսկ ուշացման նախորդ դեպքով փոխանցել էր՝ տույժ-տուգանքի պատճառ չեն տեսնում, իրենք վերահսկում են չվերթի անվտանգությունը, իսկ այդ ուղղությամբ խախտում չեն արձանագրել։