Այս տարի նշվում է 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկի՝ Սերգեյ Ռախմանինովի ծննդյան 150-ամյա հոբելյանը, որը Հայաստանում կնշանավորվի Արամ Խաչատրյան համերգասրահում հուլիսի 12-ին և 13-ին կայանալիք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և արտասահմանից ժամանած անվանի երաժիշտների երկօրյա համերգաշարով։
Այս երկու համերգների ընթացքում կհնչեն միայն Ռախմանինովի դաշնամուրային կոնցերտները։ Այս երեկո Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան շվեցարացի անվանի դաշնակահար Թեո Գեորգիուն և մեր ունկնդրին քաջածանոթ Ալեքսանդր Ռոմանովսկին։ Նա բազմիցս է հանդես եկել Հայաստանում։ Իսկ ահա Շվեյցարիայից ժամանած դաշնակահարը առաջին անգամ է Հայաստանում և առաջին անգամ հրաշալի հանդիպում է ակնկալում հայ ունկնդրի հետ։
Այսօր երեկոյան կհնչեն Ռախմանինովի Դաշնամուրի առաջին և երրորդ կոնցերտները։ «Ազատության» հետ զրույցի ընթացքում Թեո Գեորգիուն շեշտում էր, որ միշտ ցանկացել է Հայաստան գալ, մի երկիր, որի մասին շատ է լսել և մեծ ցանկություն ուներ այստեղ հանդես գալու։ Եվ այսօր երեկոյան նա կկարողանա իրականացնել իր ցանկությունը։
Իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հավելում է, որ իր ցանկությունն էր կատարել Ռախմանինովի բոլոր դաշնամուրային կոնցերտները, որոնք միաժամանակ մինչև այժմ չեն հնչել Հայաստանում. - «Ռախմանինով - 150, Ռախմանինովի հինգ դաշնամուրային կոնցերտները, Ռախմանինովի իմ սիրած երաժշտությունը։ Կարծում եմ, որ նախաձեռնությունը, որը որ միշտ սպասված է եղել, որովհետև բոլորը շատ լավ են արձագանքում, բայց ամենակարևորը, որ ունենք փայլուն մենակատարներ, շատ տաղանդավոր մենակատարներ, որոնցից շատ-շատերը առաջին անգամ են Հայաստանում։ Պետք է նաև ասեմ, որ դասական երաժշտություն, որը որ շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում, Ռախմանինովը այդպիսի երաժշտություն է, այդպիսի կոմպոզիտոր է, և դաշնամուրի կոնցերտները երբեք չեն հնչել Հայաստանում հինգ կոնցերտ երկու երեկոյի ընթացքում։ Դրա համար մեծ հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի»։
Հարցին, թե արդյո՞ք Ռախմանինովը առաջ էր անցել իր ժամանակից, Սմբատյանն արձագանքեց. - «Ռախմանինովի պարագայում, պետք է ասեմ, որ ճիշտ հակառակը։ Որովհետև իրեն մեղադրում էին, որ ինքը գրում է շատ հին երաժշտություն։ Կյանքի օրոք մեղադրում էին, որ նա գրում է արդեն գրված երաժշտություն, ինչպես ասում են։ Բայց տաղանդը հաղթեց ժամանակին և տաղանդը հաղթեց այն մարդկանց, որոնք այդպես էին պատկերացնում։ Մենք խոսում ենք մի մարդու մասին, որը որ ստեղծել է երաժշտություն, որը որ ունի իր ժանրը, իր ժանրային հնչողությունը, իր հարմոնիզմը, իր կոնցեպտուալ բնորոշումը։ Այո, կարծում եմ, տարիներ անց բոլորը սիրում են և բոլորը շատ լավ գիտեն Ռախմանինովի դաշնամուրային կոնցերտները։ Դա խոսում է շատ մեծ հեղինակի մասին, և շատ կարևոր է, որ նման պրոյեկտներ կան Հայաստանում»։
Հավելենք, որ երկօրյա համերգաշարի ընթացքում կհնչեն նաև Ռախմանինովի Դաշնամուրային երկրորդ և չորրորդ կոնցերտները և Պագանինիի թեմայով Ռապսոդիան։ Հայաստանի պետական նվագախմբի հետ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կգան նաև Անդրեյ Գուգնինը, Դմիտրի Իշխանովը և Անաստասիա Տերենկովան։