Մատչելիության հղումներ

«Երանի ես չապրեի այս վերջին տարիները...». Ռիչարդ Հովհաննիսյան


Ամերիկահայ մեծանուն պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի մահվան բոթը ցնցել է Հայաստանի գիտական աշխարհի ներկայացուցիչներին։ Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում գիտնականները մեծ ցավով ու ափսոսանքով էին խոսում բազմավաստակ գիտնականի մասին։

Անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի խոսքով. - «Ռիչարդ Հովհաննիսյանը մահվան լուրը գույժ է։ Կյանքից հեռացավ մեր լավագույն պատմաբաններից մեկը, որ հայոց պատմության վերջին շրջանը համաշխարհային սեփականություն էր դարձնում։ Անգլերենով նրան Առաջին Հանրապետության պատմության չորս հատորը մեծ երևույթ է։ Մանրակրկիտ, փաստերով, ամեն ինչ տեղը տեղին ցույց տվեց, թե ինչ է կատարվել»։

Բազմավաստակ գիտնականը, Դավիթ Գասպարյանի ձևակերպմամբ, հայ պատմագրության մեջ նույն դերն ունի, ինչ Վիլյամ Սարոյանը գրականության մեջ։ Երկու հզոր կերպարներ՝ ծնված Հայոց ցեղապանությունից հետո Միացյալ Նահանգներում, բայց անքակտելիորեն կապված հայրենիքին ու հայ ժողովրդին. - «Նրա հեղինակությունը, նրա ներկայությունը տարբեր գիտաժողովներին, նրա մասնակցությունը հարցերի քննարկմանը շատ մեծագույն դեր է կատարել մեր վերջին շրջանի պատմության համաշխարհայնացման գործում։ Մենք որ ունենք արտակարգ հարուստ պատմություն, մեզանից դուրս շատ քչերը գիտեն, ամեն ինչ պետք է անենք, որ մեզ ճանաչեն։ Մենք, հայ ժողովուրդը այսօր, ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ այսօր ծանր փորձությունների մեջ ենք։ Մեր դիվանագիտությունը պետք է կարողանա հաջողություններ ունենալ, իսկ դրա համար պետք է իմանան ինչ է կատարվել։ Դրա համար աղբյուրները պետք է թարգմանվեն, իսկ այս բնագավառում իր մեծ վաստակը անպայման ուներ մեր սիրելի Ռիչարդ Հովհաննիսյանը»։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արարատ Հակոբյանի համոզմամբ, Ռիչարդ Հովհաննիսյանն իր գիտական ողջ գործունեությունը ի նպաստ է դրել Արևմուտքում հայ ժողովրդի պատմության ու ճակատագրի բացահայտմանը թե' իր բազմաթիվ կոթողային աշխատություններով, թե' Կալիֆոռնիայում պետական համալսարանում Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադրմամբ, թե' իր գործուն մասնակցությամբ ամենատարբեր միջազգային գիտաժողովներին. - «Սփյուռքի լավագույն խոշոր գիտնական Ռիչարդ Հովհաննիսյանը համարում եմ որպես մեծագույն կորուստ մեր պատմագիտական մտքի ասպարեզում։ Նա թողել է շատ հարուստ ժառանգություն, բազմահատորյակներ է պատրաստել։ Մասնավորապես, հանդիսանում է խոշոր մասնագետ Հայաստանի Առաջին Հանրապետության։ Եվ այդ առումով ինքը միջազգային ճանաչում ունեցող պատմաբան է հանդիսանում և շատ լավ քաղաքացի, ազգանվեր մարդ է։ Պետք է ընդգծել նաև, որ կուսակցական որևէ թեքում չի ունեցել և ծառայել է մեր ազգային պետական շահերին»։

ԳԱԱ ակադեմիկոս, ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը անգնահատելի է համարում աշխարհահռչակ գիտնականի հայրենանվեր գործունեությունը. - «Խորհրդային տարիներին հայ պատմաբանները հասկանալի պատճառներով, քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, ստիպված էին շատ ու շատ գիտաքաղաքական կարևորություն ունեցող թեմաներով ոչ միայն չզբաղվել, այլ նաև կեղծել պատմությունը։ Իսկ Սփյուռքում բարեբախտություն էր, որ մեր մի շատ գիտականներ, առաջին հերթին Ռիչարդ Հովհաննիսյանը, հնարավորություն ունեին անաչառ պատմություն գրելու։ Մասնավորապես, խոսքը Առաջին Հանրապետության մասին էր, պետականության վերականգնման, 1918 թվականի մայիսի 28։ Իսկ պատկերացրեք Խորհրդային Հայաստանում այդ նույն հանրապետության մասին գրում էին որպես բուրժուական հանրապետություն։ Բայց Ռիչարդ Հովհաննիսյանը 60-ական թվականների վերջերից սկսեց զբաղվել այդ խնդրով և բազմահատորյակ դրեց մեր սեղանին, որը, իմ խորին համոզմամբ, անգերազանցելի աշխատանք է Հայաստանի Առաջին Հանրապետության վերաբերյալ։ Իհարկե, մենք մինչ այդ ունեինք Հանրապետության ղեկավարներից Սիմոն Վրացյանը և Ալեքսանդր Խատիսյանի աշխատությունները Հայաստանի Առաջին Հանրապետության վերաբերյալ, բայց ինքը, որպես լուրջ գիտնական, Արևմուտքի գիտնականների շրջանում ճանաչված անձնավորություն, ծանրակշիռ աշխատություն դրեց մեր սեղանին»։

Աշոտ Մելքոնյանի համոզմամբ, Ռիչարդ Հովհաննիսյանի պատմագիտական մեծագույն ներդրումն էր նաև Արևմտյան Հայաստանի և Հայոց ցեղապանության մասին նրա տասնյակ տարիների քրտնաջան գործունեությունը. - «Եվ այսօր անգլերենով Արևմտյան Հայաստանի բոլոր նահանգների, սփյուռքահայ բոլոր գաղթօջախների վերաբերյալ ծանրակշիռ հատորներ ունենք՝ շնորհիվ Ռիչարդ Հովհաննիսյանի։ Շատ ցավալի բան է, որ նրա 90-ամյա հոբելյանն էր լրացել, մենք իրեն շնորհավորեցինք, պատասխանը եղավ հետևյալը՝ Երանի ես չապրեի այս վերջին տարիները և չտեսնեի Առաջին Հանրապետության անկումը։ Այդպես էր նա բնութագրել այս վերջին անհաջողությունները, մեր 2020 թվականի պատերազմում պարտությունը։ Աստված նրա հոգին լուսավորի։ Շատ ցավալի է պատմաբաններիս համար։ Իր ողջ կյանքը նվիրեց հայ ժողովրդի պատմության ուսումնասիրությանը, իսկ նրա որդի Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության կայացմանը և բարգավաճմանը։ Եվ ինչպես Ռիչարդ Հովհաննիսյանն էր ասում՝ իմ կյանքի թերևս ամենաերջանիկ օրերից մեկը 1992 թվականի մարտի 2-ն էր, երբ որ Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի առջև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը բարձրացնում էր Հայաստանի Հանրապետության դրոշը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG