Մատչելիության հղումներ

Վիլնյուսում մեկնարկեց ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը


Վիլնյուսում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նախ ողջունեց Ֆինլանդիայի ու Շվեդիայի միանալը Հյուսիսատլանտյան դաշինքին, ինչը վերջինիս դեպքում տեղի կունենա մոտ ապագայում, քանի որ Թուրքիան նախօրեին համաձայնել է վավերացել Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։

«Երեկվա համաձայնությունից հետո մենք շուտով կողջունենք Շվեդիային որպես լիիրավ անդամ։ Այնպես որ, բարի գալուստ»,- գագաթնաժողովի մեկնարկին հայտարարեց դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Գագաթնաժողովը հյուրընկալող Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ասաց, որ Ռուսաստանը ամենադաժան պատերազմն է վարում անկախ և ինքնիշխան Ուկրաինայի դեմ՝ ՆԱՏՕ-ի շեմին։

«Այսօր դաշնակիցները հանդիպում են Վիլնյուսում վկայելու հավաքական համերաշխության և պաշտպանության կարևորությունը»,- ընդգծեց նա։

Վիլնյուս են ժամանել դաշինքի անդամ 31 երկրների առաջնորդները։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամեանաառաջնահերթ հարցերից են Ուկրաինային աջակցությունը՝ ռուսական ագրեսիային դիմակայելու համար և դաշինքի յուրաքանչյուր անդամին Ռուսաստանի հնարավոր հարձակումներից պաշտպանելու համապարփակ պլանի հաստատումը։

Ուկրաինայի անդամակցության հարցում դաշինքի անդամները միակարծիք են, որ պատերազմի պայմաններում դա հնարավոր չէ, սակայն որոշ տարակարծություն կա, թե պատերազմից հետո որքան արագ և ինչ պայմաներով դա կարող է տեղի ունենալ։

ՆԱՏՕ-ի անդամները քննարկելու են Ուկրաինիան անդամակցության գործողությունների պլանը իրականացնելու նախապատրաստական փուլից ազատելու հարցը։

Օրվա երկրորդ կեսին Վիլնյուս է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ակնկալվում է, որ այսօր ավելի ուշ նա ելույթ է ունենալու։

Նախքան Վիլնյուս ժամանելը Զելենկսին Տելգրամի իր էջում գրել է, որ «աբսուրդ կլինի, եթե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինայի անդամակցության հստակ ժամանակացույց չհրապարակվի»։

Մինչև գագաթնաժողի մեկնարկը դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վիլնյուսում մամուլի ասուլիսում անդրադարձել է Ուկրաինայի անդամակցության հարցին։

«Անդամակցության հարցում ակնկալում եմ, որ դաշնակիցները հստակ և դրական մեսիջ կհղեն Ուրաինային՝ անդամակցության ճանապարհի մասին։ Ես մի փաթեթ եմ առաջարկել երեք տարրերից բաղկացած՝ առավել գործնական աջակցություն երկարամյա ծրագով՝ ապահովելու լիակատար փոխգործակցություն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի ուժերի միջև։ Սա Ուկրաինային կմոտեցնի ՆԱՏՕ-ին», - ասել է Յենս Ստոլտենբերգը, նշելով, որ դաշինքի որոշ անդամներ նաև երկկողմ ու բազմակողմ երկխոսության մեջ են Ուկրաինայի հետ՝ շարունակական աջակցություն ապահովելու համար։

Շվեդիայի հարցով նա ասել է, որ նախօրեին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Թուրքիան կվավերացնի Շվեդիայի անդամակցության արձանագրությունը, և Շվեդիան կդառնա դաշինքի լիիրավ անդամ։

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վիլնյուսում լրագրողներին ասել է, որ երկօրյա գագաթնաժողովի ընթացքում Ջո Բայդենը հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու, թե «ինչպես է ԱՄՆ-ն դաշնակցիների հետ միասին պատրաստ ստանձնելու երկարաժամկետ պարտավորություն օգնելու Ուկրաինային ինքապաշտպանվել հիմա ու զսպել ապագա ագրեսիան»։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ակնհայտ հակառուսական բնույթ ունի, ուշադիր հետևում են գագաթնաժողովին, խորը կվերլուծեն արևմտյան առաջնորդների հայտարարությունները, որպեսզի միջոցներ ձեռնարկեն «սեփական անվտանգությունը ապահովելու համար»։

Մինչ գագաթնաժողովի մեկնարկը տեղի են ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ, արվել են հայտարարություններ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Յենս Ստոլտենբերգին ծայրահեղ կարևոր այս պահին աշխատանքը շարունակելու համար։

Ժամանելով Վիլնյուս՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ասել է, որ Ֆրանսիան Ուկրաինային հեռահար հրթիռներ կտրամադրի։

«Դիտարկելով իրավիճակն ու Ուկրաինայի հակահարձակումը՝ ես որոշեցի մեծացնել զենքի և տեխնիկայի մատակարարումները և հեռահար հրթիռներ տրամադրել Ուկրաինային»,- ասել է Մակրոնը, նշելով նաև, որ այսօր կարևոր է Ուկրաինային աջակցության, ՆԱՏՕ-ի միասնության և վճռականության ազդանշաններ հղել, որ Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմը։

Գերմանիայի կանցելր Օլաֆ Շոլցը ընդգծել է, որ Գերմանիան Ուկրաինայի մեծ աջակցություն ցուցաբերող երկրորդ երկիրն է ԱՄՆ-ից հետո, և ապագայում կշարունակեն աջակցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG