Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում է կառավարությունը։
Նրանք քննարկել են տարածաշրջանում հաստատված իրադրությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերը, ներառյալ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությունը՝ միջազգային ներգրավմամբ:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացմանը և այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին:
Նրանք ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերի անհրաժեշտությունը:
Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: