Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է երկրի տարածքում ահաբեկչական գործողություն իրականացնելու կասկածանքով մի աֆղանստանցու ձերբակալելու մասին:
Կասկածյալը 1990 թվականին ծնված Ֆավզան Մուսա Խանն է, ով, ինչպես Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն է պնդում, «այլ անձանց հետ նախնական հանցավոր համաձայնությամբ ծրագրել է ահաբեկչություն՝ երկրում հասարակական կայունությունը խաթարելու, բնակչության շրջանում խուճապ ստեղծելու և պետական իշխանությունների և միջազգային կազմակերպությունների որոշումների կայացման վրա ազդելու նպատակով»։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Ֆավզան Մուսա Խանն Ադրբեջան է ժամանել մի արտասահմանյան երկրից:
Բաքվում մի երրորդ երկրի դեսպանատան մոտ նա «իրականացրել է արտաքին հսկողություն, զբաղվել է ահաբեկչական գրոհի համար անհրաժեշտ հրազեն, պայթուցիկ, ֆինանսական միջոցներ և գործողության մասնակիցներ որոնելով»:
Հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, որոնք պատասխանատվություն են ենթադրում ահաբեկչության համար:
Ֆավզան Մուսա Խանի համար խափանման միջոց է ընտրվել կալանքը: Իրավապահները համապատասխան գործողություններ են իրականացնում այդ ահաբեկչության կազմակերպմանն առնչություն ունեցող այլ անձանց բացահայտելու համար: