Մատչելիության հղումներ

Մեզ ավելի շատ միջազգային ջանքեր են պետք էթնիկ զտումները կանխելու համար. Միրզոյան


Երևանը բարեխիղճ բանակցություններ է վարում, բայց բանակցային գործընթացում և գետնի վրա դեռ բախվում է սպառնալիքների, ուժի իրական կիրառման, Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք այստեղ խոսում ենք մարդկային կյանքների մասին, և ես հույս ունեմ որ քաղաքականության նպատակը մարդկանց կյանքը բարելավելն է։

Ունենք Լեռնային Ղարաբաղի շրջափակում։ Մեզ ավելի շատ միջազգային ջանքեր են պետք էթնիկ զտումները կանխելու համար։

Ղարաբաղում էթնիկ զտումը կանխելու հույս դեռ կա, մենք փորձում ենք լուծումներ գտնել, բայց բանակցությունները շատ խճճված են», - հայտարարել է նա։

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության խնդիրը նաև բոլորին է. - «Մարդիկ Լեռնային Ղարաբաղում կանգնած են էթնիկ զտման, իրական ցեղասպանության սպառնալիքի առջև։ Եթե սա խնդիր չէ, ի՞նչ կարող եմ ասել... եթե մենք խոսում ենք միջազգային կարգի մասին, ու որի մասին երազում ենք, ու որը հիմնված է արժեքների վրա, ուրեմն մարդկությունը դեռ հնարավորություն ունի։ Եթե այն միայն ազգային շահերի մասին է, ուրեմն կներեք ... »։

Արտգործնախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանը ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մի քանի անգամ ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։

«Հիմա խոսում ենք համաշխարհային անկարգությունների, միջազգային իրավունքի խախտումների մասին, բայց դրա մասին մենք խոսել ենք 2020 թվականից, երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղում, որից հետո մի քանի անգամ էլ ներխուժեց Հայաստանի սուվերեն տարածք»,- ասել է նա՝ հավելելով, որ շատ քիչ երկրներ են լսում այս ամենը. - «Ու հիմա բոլորը ավելի մեծ խնդրի առաջ են կանգնած։ Մենք միշտ ասել ենք, որ մեր խնդիրը ավելի մեծ խնդրի, ավելի մեծ գործընթացի՝ միջազգային կարգի անտեսման մաս է կազմում»։

Եվրամիությունը շատ արագ որոշում կայացրեց ու դիտորդներ ուղարկեց Հայաստանի սահման, որոնք հիմա մոնիթորինգ են իրականացնում, արձանագրել է արտգործնախարարը՝ տեղում իրավիճակի կայունացման համար կարևոր գործոն համարելով։

«Եվ մենք շատ գնահատում ենք սա, բայց սա միայն խնդրի մի մասն է, կա նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցը», - կրկնել է նա։

Սա նույնիսկ շրջափակում չէ, սա Լեռնային Ղարաբաղի պաշարում է, հավելել է Հայաստանի արտգործնախարարը՝ հիշեցնելով, որ բավականին երկար ժամանակ է, ինչ սնունդ և դեղորայք չի մատակարարվում Լեռնային Ղարաբաղ։

«Մարդիկ պաշարված են։ Եվ սա խնդիր է, որը, ցավոք, մենք միայնակ չենք կարող լուծել, ունենք ձեր աջակցության կարիքը: Կարծում եմ, որ յուրաքանչյուրն ունի կամ պետք է ունենա պատասխանատվության իր սեփական բաժինը։ Կրկին, եթե մենք ուզում ենք ապրել ոչ թե քաոսի, այլ կարգուկանոնի մեջ», - նկատել է նա:

XS
SM
MD
LG