Մատչելիության հղումներ

Թումանյան 39-ից ահազանգում են շենքի տանիքին կառուցվող վերնահարկի մասին. ըստ կառուցապատողի՝ թույլտվությունը կա


Երևանի կենտրոնում՝ բնակելի շենքի տանիքին՝ այս անգամ Թումանյան 39 հասցեում, հերթական վերնահարկն է կառուցվում։ Զայրացած բնակիչներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, «Ազատությանը» պատմեց՝ երբ կառուցապատողին տվել են իրենց համաձայնությունը, այդ ժամանակ չեն տեսել կառույցի վերջնական պատկերը, իրենց վստահեցրել են, թե աննշան փոփոխություններ են լինելու։

«Ինքը 50 տոննա բետոնը, իր պատալոկը լրիվ հանել է, 50 տոննա բետոն է լցրել ու ահռելի շինարարություն է սկսում, բոլորին խաբել է», - ասաց նա։

Բնակիչը հավելեց՝ նման նախագծի համաձայնություն չէին տա նաև այն պատճառով, որ շենքի հիմքերը առանց այն էլ խախտվել են, երբ տարիներ առաջ առաջին հարկի բնակիչն է նկուղ կառուցել։ Այժմ էլ 5-րդ հարկին ևս մեկը ավելացնելը, նրա կարծիքով, կարող է վտանգավոր լինել. - «Մեր վիճակից մենք սարսափած ենք, սենց սիրուն, լավ շենք, որ Երևանում քիչ կա, ինքը այլանդակում է՝ ոնց ուզում է։ Բոլորս դեմ ենք, բայց ոչ մի բան չենք կարող անել»։

Շենքի տանիքին կառուցապատումն իրականացնում են երկու բնակիչները։ Նրանցից մեկը՝ Սուրեն Սարյանն ասում է՝ բնակիչների բողոքներից հետո եկել են քաղաքապետարանից, թաղապետարանից և այլ պետական կառույցներից, բայց եզրակացությունը մեկն է եղել. - «Բոլորը տեղյակ են, բոլորը տեսել են թղթերը, թույլտվությունները, ամեն ինչը օրենքի մեջ արվում է», - հավաստիացրեց նա։

Սուրեն Սարյանը միաժամանակ պնդեց՝ բոլոր բնակիչներին հատ առ հատ, մանրամասն ներկայացրել են՝ ինչ են կառուցելու, նրանք ամեն ինչից տեղյակ էին ի սկզբանե։ Իրենք էլ տեղյակ էին նկուղային հարկից, ու շենքի հիմքն ամրացնելուց հետո են միայն շինարարությունը սկսել։ Այդ դեպքում ինչո՞ւ են հարևանները բողոքում ու հնարավոր վտանգների մասին ահազանգում. Սուրեն Սարյանը կարծում է, թե «իրեն նախանձում են»։

Չնայած քաղաքապետարանի ճարտարապետության և շինարարության վարչությունը շինոթույլտվություն տրամադրող կառույցներից մեկն է, ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Մուրադյանը ասաց, թե տեղյակ չէ Թումանյան 39 հասցեում իրականացվող շինարարությունից, միևնույն ժամանակ պնդեց, թե իր ղեկավարած վարչությունը շինթույլտվություն չի տրամադրել։

«Թումանյան 39 հասցեում մենք որևէ քաղաքաշինական փաստաթուղթ չենք տրամադրել որևէ մեկին», - նշեց պաշտոնյան՝ հավելելով, թե միգուցե շինթույլտվությունը տրամադրել է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժինը, որի հետ «Ազատությանը» չի հաջողվել կապ հաստատել։

Փոփոխությունները անհատներն են անում իրենց իսկ համար. ճարտարապետ

Ճարտարապետ Տիգրան Գալստյանը նկատեց՝ Երևանի կենտրոնում նման կառույցները քիչ չեն, ու հազվադեպ է լինում, երբ դրանք համահունչ են լինում տարածքի ճարտարապետությանը և չեն խեղաթյուրում քաղաքի ընդհանուր պատկերը։

«Բայց, ցավոք սրտի մեզ մոտ դրա մասին խոսելը բարդ է, քանի որ եթե ինձ հարցնեք՝ հիմա ո՞ր շենքն է բնակառուցման տեսանկյունից շահել, կդժվարանամ պատասխանել», - ասաց մշակույթի նախկին փոխնախարարը։

Նա ընդգծեց՝ այս փոփոխություններն անհատներն են անում իրենց իսկ համար, մինչդեռ լավ կլիներ հարցը դնել հանրային քննարկման. - «Սա միայն մի հարց է լուծում, որ տարածքը բռնազավթվի»։

Հավելյալ կառույցներ նաև այլ շենքերի տանիքներում

Վերջերս հավելյալ կառույցներ են հայտնվել նաև Արամի 60, Մաշտոց 37 հասցեների տանիքներում, ընդ որում առաջինը պատմամշակութային հուշարձան է, իսկ երկրորդը` նորահայտ հուշարձան, իսկ դրանց արտաքին տեսքի փոփոխություններն օրենքով են արգելվում։ Առաջինի դեպքում և՛ ԿԳՄՍ-ն, և՛ Երևանի քաղաքապետարանը պնդել էին, թե թույլտվությունը այլ նախագծի համար էին տվել, հետո բնակիչն այլ բան է կառուցել։ Այդ կցակառույցը, ըստ քաղաքապետարանի, դեռ անցած շաբաթ պետք է արդեն ապամոնտաժված լիներ, բայց այն դեռ իր տեղում է։ Մաշտոցի 37-ի դեպքում ԿԳՄՍ-ի բացատրությունը այլ է։

«Այդ շենքի վերնամասում որքան որ ես հիշում եմ, իրականացված են մի շարք կցակառույց հավելումներ տարբեր ձևի, տարբեր չափերի, և հնարավոր է, որ միասնականությունը ապահովելու համար արդեն կոնկրետ նախագծի վրա թույլ տված լինեն որոշակի թույլտվություններ՝ միայն հուշարձան շենքի շենքի շահերը հաշվի առնելով», - նշեց հուշարձանների վերականգման բաժնի պետ Հրանտ Հովսեփյանը։

Մինչ պետական մարմինները հաճախ մեկը մյուսի վրա են գցում պատասխանատվությունը, ճարտարապետներն ընդգծում են՝ Երևանի քաոտիկ այս կառուցապատումը ոչ միայն քաղաքի արտաքին տեսքն է փչացնում, այլ նաև շենքերի ամրության վրա ազդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG