Ռուսաստանի և Հայաստանի փոխարտգործնախարարներ Միխաիլ Գալուզինը և Վահե Գևորգյանը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքում և Ղարաբաղում։ Հանդիպման մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը, նշելով որ զրույցը տեղի է ունեցել հուլիսի 7-ին։
«Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Վերլուծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքի ընթացքը։ Նշվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակով եռակողմ համաձայնությունների փաթեթին համապատասխան»,- հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ բացի այդ, Գալուզինն ու Գևորգյանը քննարկել են երկկողմ համագործակցության առանցքային ասպեկտերը, տարածաշրջանային ու միջազգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության հարցերին ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ։
Հուլիսի 5-ին տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։