Մատչելիության հղումներ

Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Արցախի ՊԲ-ը Հայաստանին է պատկանում


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ սխալ քաղաքականության, հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարարությունը ի պատասխան երեկ Հայաստանի վարչապետի՝ կառավարության նիստի ընթացքում արված հայտարարությունների:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, մասնավորապես, որ «Հայաստանը Լեռնային Ղարաբաղում զինվոր չունի, թեև Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել այնտեղից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումները»։ Ըստ վարչապետի՝ «Լեռնային Ղարաբաղում գործող ԼՂ Պաշտպանության բանակի գոյության պատճառները ամեն օր կարելի է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է»։

Բաքուն պնդում է, որ եռակողմ հայտարարության համաձայն Հայաստանը պարտավոր է հայկական ուժերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից, և նորից հայտարարելը, որ Լեռնային Ղարաբաղում ներկա «զինված ստորաբաժանումները չեն պատկանում Հայաստանին, հակասում է տրամաբանությանը», քանի որ, ըստ ադրբեջանական կողմի, Արցախի զինված ստորաբաժանումները գտնվում են «Հայաստանի պաշտպանության նախարարության հրամանատարության ներքո, և նրանց ներկայացուցիչներն էլ դատվում են Հայաստանի դատարանների կողմից»։

Բաքուն հայտարարում է, որ «եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է խաղաղությամբ, պետք է ոչ միայն խոսքով, այլև գործով հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, անհապաղ դուրս բերի հայկական զինուժը Ադրբեջանի տարածքից, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար»։

XS
SM
MD
LG