Սևանից Ռուդիկ Հախումյանը, ով տասը օրից պետք է բանակ գնա, բողոքում է գլխացավերից - «Գիշերը չեմ քնում, ձեներ ա գալիս, ոնց որ ինձ կանչեն»։
Ձեռքերին սպիացած գծեր են՝ երակներն է փորձել կտրել. - «Ներվայնացած էի, կտրեցի»։
Ռուդիկի մայրը պնդում է, որ որդին զինծառայության պիտանի չէ, հոգեկան առողջության խնդիրներ ունի։ Սեղանին բազմաթիվ հոգեմետ դեղեր են , որդին անցյալ տարվանից հաշվառված է Սևանի հոգեկան առողջության կենտրոնում։
«Եթե իմ էրեխեն առողջ լինի, ես հոգեմեթ դեղերը կտամ իմ էրեխեն խմի՞... կամ դոկտորը հոգեմետ դեղ կտա՞ առողջ երեխային», - ասում է Համեստ Հախումյանը։
Համեստը 4 երեխա ունի, նրանց միայնակ է մեծացրել։ Ապրում են հանրակացարանային մեկ սենյակում։ Որդու խնդիրները բժիշկներին է ներկայացրել, երբ բանակ զորակոչելուց առաջ սկսվել են բժշկական ստուգումները։
«Կարդում եմ ոչ մի բան չեմ հասկանում։ Ես չիմանա՞մ իմ էրեխու դիագնոզը ինչ ա», - վրդովվում է կինը։
Զինվորական կոմիսարի ուղեգրով Ռուդիկը հետազոտվել է Ավանի հոգեկան առողջության կենտրոնում, Նուբարաշենի հոգեբուժարանում։ Պատասխանը տպագիր է, բայց տառերն ու տողերը իրենց տեղերում չեն, դժվար է ընթերցվում։ Թղթերից մեկում ի վերջո ախտորոշումն է երևում՝ մտավոր թերնորմալություն, գիտելիքների ցածր պաշար՝ դեզադապտացիայի հակվածությամբ։ «Ազնիվ, բարի անձնավորություն է, բայց չունի քաղաքական հասունություն», պարզ չէ թե ինչու գրել են հոգեբույժները։
Ստուգել են՝ ինտելեկտը ցածր է, հայ մեծերից շատերին չի ճանաչում, բայց մաքուր է հագնված, եղանակին համապատասխան։
Պիտանի է ծառայության, որոշել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովը։ Ուրիշ է՞լ ինչ են գրել... Համեստի համար ռեբուս է անընթեռնելի այս ձեռագիրը։ Մի տեղ որսացել է 7-րդ հոդվածի Գ կետը, այսինքն՝ որդին պետք է ծառայի սահմանափակումով։ Ինչ սահմանափակում է՝ չի հասկացվում։
Կառավարության 404 որոշման մեջ ենք փնտրում. 7-ի Գ կետով՝ այսինքն բուժման ենթարկվող, թեթև հոգեկան խանգարումով ծառայության անցած զինվորը առաջնագծում մարտական հերթապահության, հրետանու կրակային, ՀՕՊ-ի մեկնարկային դիրքերում չի ընդգրկվում։
Մայրն այս որոշման հետ համաձայն չէ, բայց չգիտի, թե որտեղ կարող է բողոքարկել, զինկոմիսարիատում չեն ասել. - «Ասում ա չգիտեմ ուր գնաս բողոքես։ Գնա իմացի որտեղ գնաս բողոքես»։
«Բողոքարկում են ըստ վերադասության, այսինքն՝ բողոքարկումը լինում ա Պաշտպանության նախարարությունում», - ասում է իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը։
Հելսինկայն քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտպանության ոլորտի փորձագետ Նազելի Մովսեսյանը շեշտում է ամառային այս զորակոչի ընթացքում դիմումներն առողջական հարցերի վերաբերյալ ավելացել են նախորդ տարվա համեմատ. - «Արդեն մոտ 50 զորակոչիկ է մեզ դիմել։ Հիմնականում դիմում են իրենց առողջական վիճակի պայմաններում պիտանիության մասին տեղեկանալու հարցով»։
Զորակոչիկը գանգատ ունի, բայց չի ուղեգրվում հետազոտության, բժշկական փաստաթղթերը զորակոչիկին տրամադրվում են ուշացումով կամ չեն տրամադրվում։ Ըստ իրավապաշտպանի, լուծված չէ գլխավոր խնդիրը՝ հիվանդությունը փաստաթղթերում այնքան մեղմել, որ երիտասարդը պիտանի ճանաչվի։
Իսկ հմտորեն հոգեկան հիվանդություն բեմադրե՞լ։ «Հիմա իրավիճակը երկրի էնպիսին ա, որ հնարավոր է անձինք անհանգստանան իրենց երեխաների ծառայության հետ կապված հարցով։ Բայց վստահեցնել, որ ձևացնում են, մանիպուլացնում են առողջական խնդիրը, ես չեմ կարող պնդել»։
«Եթե ես սխալ թղթեր եմ հանում ինչ-որ իմ էրեխեքը բանակ չգնալու համար, թող Աստված ինձ պատժի», - ասում է Համեստ Հախումյանը։
Կինը հուզվում է՝ թող որդին առողջ լիներ, գնար ծառայելու, տագնապներ ունի՝ գնա բանակ իրեն վնաս տա, ուրիշին վնաս տա, գիշերը դուրս գա-կորչի. - «Իմ էրեխուն ես ումի՞ց պըտի գնամ պահանջեմ։ Եթե գնում եմ ասում եմ՝ ինձ բողոքարկելու տեղ ասա, ասում ա՝ չգիտեմ... Բա իմ էրեխու տեղը որտեղի՞ց պիտի իմանա ինքը»։
Ռուդիկ Հախումյանի վերաբերյալ ահազանգն ուսումնասիրվում է ռազմաբժշկանան վարչությունում, Կենտրոնական զինկոմիսարիատում , զորահավաքային համալրամն ծառայությունում», տեղեկացանք պաշտպանության նախարարությունից։ Ենթադրվում է, որ լրացուցիչ հետազոտություններ կանցկացվեն՝ զորակոչիկի հոգեկան առողջության վիճակը հստակեցնելու համար։ Այս դեպքով զբաղվում է նաև օմբուդսմենի գրասենյակը։