14-ամյա գյումրեցի Գևորգ Հայրապետյանը վերջերս հայտնի է դարձել սոցիալական ցանցերում։ Գնդակով հնարքները ոչ միայն բազմահազար դիտումներ են ապահովել, այլ նաև պատանի ֆուտբոլիստին 9 տարեկանում դարձրել են Հայաստանի ու Գինեսի գրքի ռեկորդակիր։
«Պատվոգիրը տվել են, երբ որ ես խփեցի համաշխարհային ռեկորդ, Գինեսի ռեկորդ ու գրանցվա Գինեսի գրքում: 22 հազար հատ 21 եմ խաղացել», - պատմեց Գևորգ Հայրապետյանը:
Գյումրիի տարբեր պատեր ծառայում են Գևորգի հնարքների համար։ 14-ամյա ֆուտբոլիստը հիմա աշխատում է ավելի բարդ խնդիրների վրա. - «Մի հատ հնարք կա, որ աշխարհում հեչ մարդ չի արել, ֆուտբոլ ֆրիսթայլի հետ է կապված՝ 4 պտույտ գնդակի շուրջը միանգամից, ես հլը որ 2 պտույտ կարող եմ անել»:
Ընդամենը 1 տարի ֆուտբոլային ֆրիսթայլով զբաղվող պատանին հիմա նոր ռեկորդ սահմանելու վրա է աշխատում. - «Հիմա փորձում եմ մի ուրիշ ռեկորդ խփել, 21 խաղալով գնալ մի քանի կմ»:
14-ամյա Գևորգն արդեն 9 տարի է Գյումրիի ֆուտբոլի ակադեմիա է հաճախում, հիմա նաև «Շիրակ 2» ֆուտբոլային ակումբի կենտրոնական կիսապաշտպան է։ Ցանկանում է հայտնի ֆուտբոլիստ դառնալ, բայց որևէ մեկին նմանվելու ցանկություն չունի։
«Ուզում եմ դառնալ ճանաչված ֆուտբոլիստ, լավ խաղացող ու նաև ֆուտբոլ ֆրիսթայլեր», - ասաց նա:
Ճանաչված ֆուտբոլիստ դառնալուց հետո մի երազանք ունի՝ հանդես գալ ֆրանսիական ամենահզոր ակումբում։ Թեև Գևորգի հնարքները մեծ տարածում են գտել, նրա ընտրությունը ֆուտբոլի և ֆրիսթայլի մեջ ակնհայտ է։