Մատչելիության հղումներ

Վարչապետը ինտենսիվ՝ ամենօրյա շփումների մեջ է Արցախի նախագահի հետ. խոսնակ


ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքում է վերջին օրերին տարբեր լրատվականների կողմից շրջանառվող լուրերը, թե հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ:

«Ավելին, նշվում է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը ՀՀ Կառավարության օրակարգից դուրս է», - Ֆեյսբուքում գրում է Բաղդասարյանը՝ շարունակելով.

«Իրականության հետ աղերս չունեցող այս պնդման առումով կարևոր ենք համարում ընդգծել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ինտենսիվ՝ ամենօրյա շփումների մասին: Այս հանգամանքը հրապարակային ելույթներում և տարբեր ձևաչափերում վերահաստատել է նաև ԼՂ նախագահը:

Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ դեռ 2022 թվականի տարեվերջին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով հումանիտար ճգնաժամի կառավարման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի խնդիրը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ: Աշխատանքային խմբում ընդգրկված են Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG