Մատչելիության հղումներ

«Ամեն լենտի վրա 3 ժամ էի կորցնում». ալավերդցի Պետրոս Նակաշյանը խնամքով պահում է տասնամյակների պատմություն ունեցող ժապավենները


Խորհրդային տարիների կինոմեխանիկ, ալավերդցի Պետրոս Նակաշյանի կինոցուցադրման ապարատն է։ Տասնամյակների պատմություն ունի։ Այսօրվա համար անսովոր աղմուկ հանող այս սարքի միջոցով սպիտակ սավանի վրա հազիվ երևացող կադրեր է ցույց տալիս։

30-40 տարում տեխնիկայի անչափելի առաջընթացի պայմաններում դեռ չի մոռացել՝ ինչպես էին չստացված կադրերը կտրում-հանում ժապավենից, մյուս հատվածները հատուկ սարքի միջոցով իրար միացնում։

Նախկին գործընկերոջ՝ լուսանկարիչ Աշոտ Ասլանյանի հետ ժամերն են հաշվում՝ որքան էին ծախսում ժապավենի, հետո նաև թղթի վրա կադրերին կյանք տալու համար ու համեմատում՝ աշխատելն այսօր որքան է հեշտացել։ Վայրկյանների ընթացքում կարող ես պատմություն ստեղծել։

«Ամեն մի լենտի վրա 3 ժամ ժամանակ էի կորցնում, իսկ հիմա վայրկյանական, չխկացրու, տար ցույց տուր», - ասաց Ասլանյանը:

Հեռավոր Ֆրանսիայում երգչախմբի ելույթ պիտի նկարեր։ Ասում է՝ դեռ ականջների մեջ է իր առաջին տեսախցիկի՝ երգը խլացնող աղմուկը. - «Մեկ էլ որ կնոպկեն չսեղմեցի, էս ապարատը ղժացրեց, սաղ ժողովուրդը միանգամից հետ դառավ, ինձ էին նայում, գետինը մտա»:

Պետրոսը խնամքով պահում է բոլոր ժապավենները՝ արդեն դժվար կարդացվող մակագրություններով ու ըստ տարեթվերի՝ իրար վրա դասավորված։ Ամեն օր հետաձգում է՝ երբ ի վերջո կթվայնացնի տասնամյակների պատմությունը, որ այսօր սպիտակ սավանի վրա թռթռացող, հազիվ տեսանելի պատկերներ են։

Ժամանակին կոլխոզից կոլխոզ, սարից սար են տեղափոխել, մարդկանց ցուցադրելու համար. - «Գնում էինք սարերը, երկու օրով, երեք օրով, ընդեղ գիշերում էինք, կինո էինք ցույց տալիս, հետո կինոն հանուն ինձ պլանները կատարում էր: Կինո էինք ցույց տալիս, մի անտեր խոզ եկավ, դե էկրանը լուսավորված, էկրանի կեսով տվեց, դեպի լույսը վազելով գնաց»:

Գործընկերը՝ Աշոտ Ասլանյանն էլ իր ավելի քան 50 լուսանկարչական ապարատների հավաքածուն ունի։ Պատմում է, թե դրանք ամեն անգամ նորացնում էր բարձրաստիճան պաշտոնյաների Ալավերդի այցելությունից առաջ։ Տեղական թերթերի համար էր լուսանկարներ անում։

Հիշում են՝ խորհրդային տարիներին թերթում երևալը մեծ պատիվ էր։ Դրա համար պետք է կամ հայտնի մարդ լինեիր, կամ էլ՝ առաջավոր բանվոր։ Այսօր շատ բան է փոխվել, գովաբանում է խորհրդային ժամանակների իր ապարատներն ու ընդամենը վայրկյանների ընթացքում տպագրում «Ազատության» նկարահանող խմբի գունավոր ու որակյալ լուսանկարը։

XS
SM
MD
LG