Մատչելիության հղումներ

Զոհված երկու զինծառայողների մարմիններն այսօր ԿԽՄԿ-ի կողմից տեղափոխվել են Հայաստան


Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան «Եռաբլուր»-ում հուղարկավորելու նպատակով, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են եղել՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար: Արցախի ՄԻՊ հաստատության կողմից արդեն իսկ հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք կհրապարակվեն շուտով՝ ևս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Ստեփանյանը:

Ադրբեջանական աղբյուրները հաստատում են զինծառայողների դիերի՝ Հայաստան տեղափոխման մասին լուրը։

«Պայմաններ են ստեղծվել հունիսի 28-ին իրականացված «Վրիժառություն 2» գործողության ընթացքում զոհված երկու հայ զինծառայողների մարմինները Հայաստան տեղափոխելու համար», - հաղորդում է АPA գործակալությունը՝ հավելելով, որ մարմինները դուրս են բերվել Հակարի գետի վրա տեղակայված «Լաչին» անցակետով՝ «համապատասխան ստուգումից հետո՝ զոհերի հարազատների ուղեկցությամբ»։

Հունսիս 28-ին արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հայկական կողմում 4 զինծառայող էր զոհվել։ Նրանցից ժամկետային 20-ամյա Սամվել Թորոսյանին ու Երվանդ Թադևոսյանին դեռ չեն հուղարկավորել։ Ադրբեջանն արգելում էր նրանց դիերը Հայաստան տեղափոխել։ Բաքվից պնդում են, թե տղաները Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ են։ Ստեփանակերտից, մինչդեռ, հերքում են այս տեղեկությունը։

XS
SM
MD
LG