Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան «Եռաբլուր»-ում հուղարկավորելու նպատակով, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են եղել՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար: Արցախի ՄԻՊ հաստատության կողմից արդեն իսկ հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք կհրապարակվեն շուտով՝ ևս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Ստեփանյանը:
Հունսիս 28-ին արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հայկական կողմում 4 զինծառայող էր զոհվել։ Նրանցից ժամկետային 20-ամյա Սամվել Թորոսյանին ու Երվանդ Թադևոսյանին դեռ չեն հուղարկավորել։ Ադրբեջանն արգելում էր նրանց դիերը Հայաստան տեղափոխել։ Բաքվից պնդում են, թե տղաները Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ են։ Ստեփանակերտից, մինչդեռ, հերքում են այս տեղեկությունը։