Մատչելիության հղումներ

Արամի 60 հասցեի պատմամշակութային հուշարձան-շենքի տանիքին ապօրինի կցակառույց է հայտնվել


1930-ականներին կառուցված Արամի 60 հասցեի պատմամշակութային հուշարձան-շենքի տանիքին ապօրինի կցակառույց է հայտնվել։ Սա չնկատած պատկան մարմիններն այժմ պետք է ապամոնտաժեն այն։

Երևանաբնակ Էդուարդ Հայրումյանն առաջիններից էր, որ դեռ մեկ ամիս նկատել էր կցակառույցն ու որոշ ժամանակ անց այդ մասին գրել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Ես ճիշտն ասած էդ ժամանակ հրապարակում չարեցի, քանի որ քաղաքի ամենաբանուկ հատվածում էր ու մշակութային շենքի վրա էր, ինձ հետաքրքիր էր՝ արդյո՞ք Երևանի քաղաքապետարանը կանդրադառնար էդ խնդրին», - ասաց Հայրումյանը:

Ապօրինի շինարարության հարցը միայն մի քանի օր առաջ քննարկվեց քաղաքապետարանի գործակարգավորման նիստում։ Քաղաքային իշխանությունները պնդում են, որ իրենք շինթույլտվությունը տրամադրել են այլ նախագծի համար, որում որևէ կցակառույց, հուշարձան-շենքի տանիքին որևէ տեսանելի փոփոխություն չկար։ Նույն պատասխանն են տալիս նաև ԿԳՄՍ նախարարությունից, որի հաշվեկշռում են գտնվում պատմամշակութային շինություննեըր։ Պնդում են՝ շինարարության ավարտական ակտը ստանալուց հետո է միայն բնակիչը խախտել է նախագիծը ու դրա համար ենթարկվել վարչական պատասխանատվության։

«Փորձելու ենք հուշարձան շենքերի խախտման դեպքով վարչարարություն իրականացնել և բերենք տվյալ տանիքային հատվածը նախկին տեսքի, էն տեսքի, ինչը որ փաստագրել ենք և տվել ենք ավարտական ակտ», - ասացին ԿԳՄՍ նախարարությունից:

Ո՞վ է կառուցապատողը. Արամի 60 հասցեի բնակիչները պնդում էին, թե նրանից տեղեկություն չունեն, պատկան մարմիններն էլ հրաժարվում են անունը ասել՝ պնդելով, թե դա անձնական տվյալ է։ Այցելեցինք Արամի 60 որտեղ մեզ չհաջողվեց գտնել բնակչին ու նրա բացատրությունները լսել։

Մինչ այդ ճարտարապետ Սաշուր Քալաշյանը բարձրացնում է պատասխանատու պետական մարմինների թերի վերահսկողության հարցը ու ընդգծում՝ նման դեպքերը ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը Երևանում. - «Մեր մոտ ոչ միայն անտարբեր, այլ հանցավոր վերաբերմունք է այդ կարգի միջամտություններին»

Ճարտարապետն ասում է՝ այստեղ խնդիրը միայն պատմամշակութային հուշարձան շենքերը չեն։ Բնակելի տարածքների տանիքներին հաճախ են նման կցակառույցներ հայտնվում։ Անհանգստանում է՝ ինչո՞ւ են առհասարակ տրվում նման շինթույլտվություններ։

«Երևանում շենքեր կան, որ վերնահարկը գյուղ են դարձրել բառի բուն իմաստով, հենց քաղաքի կենտրոնում, աշխարհում էդպիսի բան գոյություն չունի, որ որևէ շենքի վրա մեկն ու մեկը համարձակվի ինչ-որ բան ավելացնել», - նշեց Քալաշյանը:

Մինչ ճարտարապետն անհանգստացած է, թե ինչո՞ւ են իրականացվում նման շինարարություններ, փաստաբան Իրմա Ճաղարյանն ասում է՝ այս ոլորտում օրենքի բացեր շատ կան:

«Օրենսդրությունը շատ խիստ չի սահմանում այն արգելքները և սահմանափակումները, որոնք վերաբերում են կոնկրետ պատմամշակութային մեր արժեքներին», - նշեց Ճաղարյանը:

Փաստաբանն ընդգծում է՝ օրենքի ոչ հստակության պատճառով է, որ կառուցապատողները կարողանում են ներկայացնել այնպիսի նախագիծ, որը թույլ է տալիս շրջանցել գործող արգելքները. - «Եթե մենք ունենանք հստակ օրենսդրական կարգավորումներ, հստակ սահմանափակող, արգելող նորմեր, մենք այլևս որևէ խնդիր այս տեսանկյունից չենք ունենա»։

Քաղաքապետարանի գործակարգավորման նիստի ժամանակ փոխքաղաքապետ Ավինյանն ասաց՝ նման դեպքերն անթույլատրել են և պետք է կիրառվեն իրավական բոլոր միջոցները դրանք կանխելու համար. - «Եթե կարիք կա իրավակարգավորումները փոխել, չգիտեմ, տուգանքների քանակը անվերջանալի դարձնել»:

Փաստաբանը, սակայն, հակադարձում է՝ սա չի լուծի այս խնդիրը, քանի որ քննարկվում է նախագծի շեղումը, ոչ թե առհասարակ դրան դրական եզրակացություն տալը։ Ըստ Ճաղարյանի՝ տուգանքն արդյունավետ չէ. նույն ընկերությունը կամ անհատը կարող է իր ծրագիրն իրականացնել մեկ այլ վայրում.

«Եթե դու այս մի դրվագի համար ենթարկվում ես վարչական պատասխանատվության, դա դեռևս չի նշանակում, որ մի քանի իրավախախտում կատարելուց հետո դու այլևս չես ունենա իրավունք որևէ կառուցապատում իրականացնելու», - ասաց փաստաբանը:

Քաղաքապետարանն արդեն դիմել է Ոստիկանություն հարուցված վարչական գործի շրջանակում։ Նիստի ժամանակ էլ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության բաժնից ասացին՝ կփորձեն այս շաբաթվա ընթացքում պատմամշակութային հուշարձան-շենքը բերել նախկին տեսքին։ Այս պահի դրությամբ, սակայն, որևէ փոփոխություն չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG