Մատչելիության հղումներ

«Ոսկե Ծիրանը» սերտորեն համագործակցում է Հայաստանում գործող դեսպանատների, միջազգային կազմակերպությունների հետ


«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի նշում է հիմնադրման 20-րդ հոբելյանը։ Կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-16-ը։

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնադրման օրից համագործակցել է Հայաստանում գործող դեսպանատների և միջազգային կազմակերպությունների հետ։

Այսօր հրավիրված ասուլիսին փառատոնի հիմնադիրներից Սուսաննա Հարությունյանն ընդգծեց. - ««Ոսկե Ծիրանը» իր քսան տարիների ընթացքում միշտ աջակցություն է ստացել և' Հայաստանում տեղակայված դեսպանատներից, և' միջազգային կազմակերպություններից։ Ասեմ, որ առանց այս աջակցության, «Ոսկե Ծիրանը» իր միջազգային համբավը չէր կարող ունենալ այն չափով, ինչքան որ հիմա ունի, որովհետև բոլոր մեր պարտնյորները՝ դեսպանատները և միջազգային կազմակերպությունները, աջակցում են լավագույն ֆիլմեր բերելու, լավագույն հյուրերին այստեղ հյուրընկալելու։ Եվ դա շատ կարևոր է մեզ համար։ Հայ-պորտուգալական ընկերության և Գյուլբենկյան հիմնադրամն է, որ էս տարի միացել է մեզ՝ ներկայացնելու պորտուգալական ֆիլմերի ծրագիրը։ Ասեմ, որ ձևաչափը ներկայանալու միջազգային ծրագրերի, այսինքն՝ գերմանական, ֆրանսիական, պորտուգալական, իսրայելական ֆիլմերի ծրագրերի, նույնն ա մնում։ Մենք ունենում ենք երևանյան առաջնախաղեր լավագույն ֆիլմերի այս երկրների»։

Այս տարվա «Ոսկե Ծիրան» 20-րդ հոբելյանական փառատոնի գործընկերներներից է արդեն իսկ փառատոնի հետ երկար ժանապարհ անցած Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, որի հետ համագործակցությունը լավագույն արդյունքներ է տվել յուրաքանչյուր տարի։ Այս համագործակցության շնորհիվ, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի հայ հանդիսատեսը կինոփառատոնի ընթացքում հնարավորություն կունենա դիտել լավագույն ֆրանսիական ֆիլմեր։

Ինչպես այսօր շեշտում էր Ֆրանսիայի դեսպանատան համագործակցության և մշակույթի հարցերով խորհրդական և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն. - «Այս տարին առանձնահատուկ տարի է, որովհետև Երևանի միջազգային կինոփառատոնի 20-ամյակն է։ Արդեն 20 տարի ձեր թիմը կազմակերպում է այդ միջազգային կինոփառատոնը, և Ֆրանսիայի դեսպանատունը երկար ժամանակ աջակցում է այդ միջոցառման անցկացմանը։ Ես ուզում եմ ավելացնել, որ վերջին տարիներին ավելացրել ենք մեր աջակցությունը կինոփառատոնին։ Այս կինոփառատոնը ճանաչված կինոփառատոն է, իսկական միջազգային կինոփառատոն է, որը առաջարկում է ֆիլմերի մեծ բազմազանություն։ Ֆրանսիայի համար բազմազանությունը շատ կարևոր արժեք է, և մենք փորձում ենք այդ արժեքը պաշտպանել և զարգացնել»։

Այս տարի հոբելյանական 20-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գործընկերն են նաև Երևանի Գյոթե կենտրոնը, որի հետ համատեղ կիրականացվի գերմանական ֆիլմերի ծրագիրը։ Կինոփառատոնը կհյուընկալի նաև գերմանացի անվանի կինոռեժիսորների։

Իսրայելի դեսպանատան հետ համատեղ կիրականացվի «Ֆոկուս Իսրայել» ծրագիրը, որի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել վերջին տարիներին նկարահանած իսրայելցի կին ռեժիսորների դեբյուտային ֆիլմերը։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ֆինանսավորել է ոչ միայն 50 ֆիլմի ցուցադրություն փառատոնի ընթացքում, այլև դահլիճների ու սրահների, նաև աշխատակազմի տրամադրումը։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան և Բրիտանական խորհրդի գրասենյակի աջակցությամբ կկազմակերպվի Ջերեմի Թոմասի Ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, որոնց ներկա կգնվի անձամբ Ջերեմի Թոմասը։ Կինոփառատոնի օրերին Հայաստան կժամանի նաև մեկ այլ անվանի բրիտանացի կինոռեժիսոր Դեյվիդ Քելլին։

20-րդ հոբելյանական կինոփառատոնը վստահաբար մեծ անականկալներ կմատուցի մեր հանդիսատեսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG