Արարատի, Արմավիրի մարզերում խաղողի լայնարձակ այգիների բազմաթիվ սեփականատերեր տասնամյակների իրենց գործից հիասթափված են։ Վերջին ամիսներին այս կողմերով անցնելիս՝ անմշակ այգիներ ու վաճառքի հանված հողակտորներ կտեսնեք։
«Բավականին մեծ քանակի խաղող եմ մշակում, բայց էս տարի էնքան հուսահատ եմ, որ արդեն որևէ մշակություն էլ չեմ ուզում իրականացնեմ», - ասում է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Արսեն Սիմոնյանը։
Նա ամիսներ ի վեր դռնեդուռ է ընկած՝ ի՞նչ անեն ի վերջո խաղողագործները, քանդե՞ն այգիները, վաճառե՞ն հողերը։ Ե'վ կառավարություն, և' այլ պատկան մարմիններ է դիմել, հստակ պատասխան մինչև օրս չունի. - «Բանավոր քննարկումներ գրեթե բոլորի հետ ենք ունեցել, ոլորտին առնչվող բոլոր թե' պաշտոնյան, թե' ֆինանսավորող կազմակերպությունների հետ, որոնք այդ ոլորտի հետ են առնչվում։ Գրավոր Էկոնոմիկայի նախարարին եմ դիմել»։
Անցած տարի խաղողի ավելցուկ կար, դրան գումարած՝ արտահանումն էր դժվարացել Լարսի անցակետի հերթերի ու խափանումների պատճառով։ Դրամի արժեվորման պատճառով նաև գինն էր իջել։ Բերքի իրացման լուրջ խնդիրներով ուղեկցված 2022-ից հետո խաղողագործներն հույս չունեն, թե այս տարի մի բան կփոխվի։ Գյուղացիները պետությունից են գործնական քայլեր ակնկալում, կառավարությունից արձագանքում են՝ զբաղվում են այս հարցով։
Արսեն Սիմոնյանը և' խոշոր այգի ունի, և' մարզի խաղողագործների միության նախագահն է։ Ասում է՝ իր տեղեկություններով այս տարի արդեն իսկ գյուղացիների շուրջ 20 տոկոսը որոշել է չզբաղվել այս գործով, թիվը սակայն հստակ չէ. - «Անկեղծ ասած, արդեն սկի էդ հաշվարկն էլ չունեմ։ Մեկը ասում ա քանդում եմ, մեկը ասում ա չեմ քանդում։ Հետո տեսնում ես էդ մարդը էլի մշակում ա, մեկը անմշակ ա թողել դեռևս... Անորոշ մի վիճակ ա արդեն»։
Ոլորտի պատասխանատու գերատեսչությունն Էկոնոմիկայի նախարարությունն է։ Ի՞նչ է անելու պետությունը, այս ամիս խորհրդարանում հարցրին Վահան Քերոբյանին։ Պատասխանը կարճ էր՝ իրադրությունը հուսադրող չէ, կոնկրետ քայլերը դեռ պետք մտածեն. - «Մենք չենք տեսնում, որ ամբողջ խաղողի բերքը մթերվելու է։ Եվ հիմա փորձում ենք հասկանալ էն մեթոդները, որը որ պետք է երկու ծայրերը բերենք կպցնենք իրար»։
Այս հայտարարությունից շաբաթներ անց նույն հարցն այսօր էլ տվեցինք Քերոբյանին։ Ասաց, թե հիմա ծրագրեր են մշակում, որպեսզի մթերումը սահուն անցնի, մասնավորապես կխստացվի ոլորտի նկատմամբ վերահսկողությունը. - «Հիմնական մոտեցումները պետք է լինեն խաղողի մթերման ավելի խիստ վերահսկողությունը և կոնյակի սպիրտի արտահանման նկատմամբ ևս խիստ վերահսկողությունը, որովհետև կոնյակի սպիրտի որակի վերահսկողությունը անպայման կհանգեցնի ավելի մեծ ծավալի մթերումների»։
Քերոբյանի հայտարարություններն ու պնդումները սակայն գյուղացիների տրամադրությունը չեն բարձրացնում։ Անցած տարի խաղողագործների բողոքի բուռն ակցիաների շրջանում նախարարը փոքր հողակտորներ ունեցողներին խորհուրդ էր տվել այլ աշխատանքով զբաղվել։ Սա շատերի զայրույթն էր հարուցել։
«Դու գյուղացուն ասում ես բարդյուր շարեք... դու էլ արի հետս ցեխ շարի, տղա ջան», - ասել էր մի խաղողագործ։
Ոլորտի խնդիրներին քաջատեղյակ Արսեն Սիմոնյանը շեշտում է՝ լուծման բանալին հենց վերահսկողությունն է, բայց պետությունը պետք է խոշորացույցի տակ առնի մթերմանն առչնվող բոլոր հարցերը՝ ծավալները, պայմանագրերի կնքումը, դրանց թափանցիկությունը և այլն. - «Ես հարցնում եմ՝ նախկինում դուք ո՞նց եք վերահսկել ընդհանրապես այդ մթերումների քանակը։ Ասում ա՝ տեսնում ենք գործարանի պոտենցիալը որքան է օրեկան մթերման և հաշվում ենք քանի օր են աշխատել, որ այդքան օրում էդքան մթերած կլինեն։ Այդ էդ պրիմիտիվ վերահսկելու մեխանիզմը հենց բերում էր նրան, որ գործարանատերերը, իմանալով այդ մեխանիզմի մասին, արհեստական դանդաղեցնում էին իրենց մթերման քանակը։ Օրինակ, ունի հնարավորությունը հարյուր մեքենա, մարդը դանդաղ տասը մեքենա է օրական մթերում, դե իրանք էլ թող հաշվեն ու իմանան, որ հարյուր մեքենա ա մթերվել։ Արդյունքում արհեստական հերթեր էին ձևավորվում, այդ արհեստական հերթերի արդյունքում մի շարք չարաշահումներ էին տեղի ունենում»։
Մայիսին ֆրանսիական «Պեռնո Ռիկար» հայտնի ընկերությունը, որը խոշոր մթերող երևանի կոնյակի գործարանի սեփականատերն է, հայտարարեց՝ Ռուսաստանի դեմ սակցիաների պատճառով իր միջազգային բոլոր բրենդների արտահանումը Ռուսաստան ամբողջությամբ դադարեցվել է։ Խաղողագործների շրջանում այս նորությունն է'լ ավելի շատ հարցեր առաջացրեց։
Վահան Քերոբյանն այսօր վստահեցրեց, որ գործարանը մթերման ծավալներն այս տարի չի կրճատելու. - «Չի նվազեցնելու իր մթերման ծավալները նախորդ տարիների համեմատ։ Ինչը իրականում մեր գլխավոր անհանգստությունն էր և այն փարատված է»։
Կոնյակի գործարանը, սակայն, մինչ այս պահը նման հայտարարություն չի հնչեցրել։ Ավելի քան մեկ ամիս է, նրանք մեկնաբանություն չեն տալիս։