Կրամատորսկի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, հաղորդում են Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը և Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Մահացածների թվում երեք երեխա կա։
Այսօր առավոտյան փլատակներից դուրս է բերվել ևս մեկ մահացածի դի։ Փրկարարներն ավարտել են աշխատանքը։
Հարվածը Կրամատորսկին հասցվել է երեքշաբթի երեկոյան, արձակված երկու հրթիռներից մեկը խոցել է պիցցերիա ռեստորանը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ քաղաքին հարված է հասցվել, միաժամանակ առաջ քաշելով վարկած, թե թիրախը Կրամատորսկում Ուկրաինայի զինված ուժերի բրիգադներից մեկի հրամանատարական կազմի ժամանակավոր տեղակայման կետն էր: