Մատչելիության հղումներ

«Կոնդի փառատոնը» այս տարի կանցկացվի հուլիսի 1-ին


«Գյոթե կենտրոնի» և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան գործընկերության երկրների նախագծերի աջակցությամբ հուլիսի 1-ին Երևանի ամենահին թաղամասերից մեկում ՝ Կոնդում տեղի կունենա մի շատ ուշագրավ փառատոն, որում ներգրավված են լինելու թաղամասի բնակիչները, ինչպես ասում են՝ մեծից փոքր։

Փառատոնի գործընկերներն են նաև «Թեք տեղ» թատրոնը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Փառատոնից առաջ հրավիրած ասուլիսին Երևանում «Գյոթե կենտրոնի» մշակութային ծրագրերի համակարգող Հասմիկ Մուրադյանը և «Թեք տեղ» թատրոնի ներկայացուցիչ, դերասանուհի Նունե Դանիելյանը հանգամանալիորեն ներկայացրին նախաձեռնած փառատոնի շրջանակներում կայանալիք միջոցառումները՝ ընդգծելով, որ փառատոնը կմեկնարկի հուլիսի 1-ի երեկոյան Կոնդում գտնվող Շոթա Ռուսթավելու անվան դպրոցի բակում, կտարածվի բոլոր բակերով և կտևի մինչև կեսգիշեր։

Հասմիկ Մուրադյանի խոսքով, իրենք արդեն երրորդ տարին է կազմակերպում են այս փառատոնը, որը մեծ աշխուժություն է առաջացնում թաղամասում։ Բայց առաջին անգամ նրանց Կոնդում այնքան էլ գրկաբաց չեն ընդունել. - «Մի քանի տարի առաջ վթարային լինելու պատճառով փակվել էր Կոնդի դպրոցը, որի բակում հենց միջոցառումը կազմակերպում ենք։ Մենք որ մտանք Կոնդ, մեզ նայում էին որպես օտարի, որովհետև մարդիկ սովոր են, որ ցանկացած մարդ, ցանկացած նորարարություն, որ մտնում է թաղամաս, ի վերջո վերածվում է ինչ-որ էլիտար շենքի, կամ իրենցից ինչ-որ տարածք են վերցնում, էդտեղ բան են կառուցում։ Այնինչ մենք գնացել էինք հենց էդ գաղափարով, նպատակներս էն էր, որ կոնդեցիները, Կոնդի բնակիչները ներգրավվեն իրենց թաղամասում կազմակերպվող միջոցառումների մեջ, և ինչ-որ պահի մենք հասնենք կետի, որ ոչ թե մենք գնանք իրենց տանք ինչ-որ կոնցեպտ, ինչ-որ գաղափար ինչ-որ բան կազմակերպելու, այլ իրենք հասնեն էն կետին, երբ որ իրենք ինքնուրույն սկսեն ինչ-որ բաներ նախաձեռնել, ինչ-որ բաներ կազմակերպել։ Առաջին տարին գնացինք էսպես թերահավատորեն, շատ դժվարություններով։ Հիմնականում դա մեզ հաջողվեց նրա հաշվին, որ մենք կարողացանք առանձին ընտանիքների հետ շփվել, երեխաներին ներգրավել։ Եվ երբ որ երեխաները ներգրավվեցին, ծնողները տեսան, որ դա հետաքրքիր բան է և սկսեցին կամաց-կամաց վստահել։ Հաջորդ տարի ավելի շատ էր վստահությունը, և արդեն երբ որ էս տարի մտնում ենք Կոնդ, մարդիկ, որոնք անցած տարի թերահավատորեն էին նայում, այս տարի իրենք են առաջարկում»։

Ներկայացնելով Կոնդում կայանալիք փառատոնի ծրագրերը՝ Նունե Դանիելյանը շեշտում էր, որ փառատոնի շրջանակներում գործելու են նաև աշխատանոցներ, որոնք կմեկնարկեն հունիսի 26-ից։ Իսկ փառատոնին իրենց մասնակցությունն են բերելու արվեստագետներ Լեհաստանից, Գերմանիայից և Վրաստանից։ Հավելեց նաև, որ փառատոնի ծրագիրը խիստ բազմազան է՝ վերնիսաժ, Կոնդի բնակիչների կողմից պատրաստված ավանդական ուտելիքի և քաղցրավենիքի տոնավաճառ, համերգներ, հատուկ ծրագրեր մանուկների և պատանիների համար։

«Նաև անդրադառնալու ենք հին Կոնդի այսպես ասած՝ բակային մշակույթին. լինելու են սուրճի բաժակ նայող կետեր, լինելու է հինայի աշխատանոց, և մարդիկ եթե ցանկություն ունենան, իրենց վրա տեղում ինչ-որ բաներ մասնագետը կներկայացնի։ Մեզ հաջողվել է այդ անմիջական մթնոլորտը ստեղծել կոնդեցիների հետ։ Շատ ուրախ ենք, իրենց մասնակցությունն էլ բավականին ակտիվ էր, ինչի համար շնորհակալ և ուրախ ենք։ Եվ վերջում մեկ հատ շատ հետաքրքիր ֆորմատ, որը նորություն է։ Լինելու է Կոնդում ինտերակտիվ պատ, որտեղ կոնդեցիները կարող են գրել իրենց բողոքները, մտահոգությունները, առաջարկները Կոնդի հետ կապված, Կոնդի ապագայի հետ կապված։ Վստահ ենք, որ առաջընթաց կլինի իրենց խնդիրների հետ կապված», - հավելեց Դանիելյանը։

Գաղտնիք չէ, որ Երևանի այս ամենահին թաղամասերից մեկը տարեցտարի աստիճանաբար կորցնում է իր դիմագիծը՝ հին տները քանդվում են, նրանց փոխարինելու են գալիս էլիտար շենքեր և այլ շինություններ։

«Ազատության» հարցին, թե որքանով կարող է այս փառատոնը նպաստել թաղամասի պահպանմանը, «Գյոթե կենտրոնի» մշակութային ծրագրերի համակարգող Հասմիկ Մուրադյանը պատասխանեց. - «Մեր փառատոնի նպատակն է հրավիրել ուշադրությունը Կոնդի վրա, որ հին Երևանի դիմագիծը պահպանած թաղամաս է։ Եվ էդտեղ կարելի է ներդրումների միջոցով շատ նուրբ վերանորոգելով, չքանդելով էն, ինչ որ կա, ստանալ բավականին հետաքրքիր բան։ Այսինքն՝ դա ներդրում է պահանջում, էդտեղ պետք է բիզնեսը գնա։ Բայց բիզնեսը պետք է գնա ճիշտ ձևով, այսինքն՝ էդ տոտալ քանդելու և տեղի ինչ-որ բան կառուցելու տեսքով չէ, այլ պետք է հաշվի առնվեն կոնդեցիները շահերը, էդ շերտերը մշակութային, որ ընկած են Կոնդի հիմքում... Ես չեմ սխալվի եթե ասում, որ ինքը կղզի է Երևանի մեջ, որքան էլ հենց քաղաքի կենտրոնում է, քաղաքի սրտի մեջ, բայց ինքը առանձնացված կղզյակ է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG