Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել Սյուզաննա Փիլոսյանի «Խաչատուր Իսկանդարյան․ Ստեղծագործական ուղու արձագանքներ» գրքի շնորհանդեսը


Այս տարի հունվարին լրացավ Հայաստանի ժողովրդական նկարիչ, անվանի քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը, որը նշանավորվեց մայիսի վերջին օրը Ազգային Պատերասրահում բացված «Խաչատուր Իսկանդարյան -100․ քանդակագործը և քաղաքը» խորագրով հոբելյանական ցուցահանդեսով։

Ցուցահանդեսն ընդգրկում է արվեստագետի ավելի քան 50 ստեղծագործություն՝ քանդակներ, գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ։

Իսկ օրերս կրկին Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ արվեստաբան Սյուզանն Փիլիպոսյանի «Խաչատուր Իսկանդարյան․ Ստեղծագործական ուղու արձագանքներ» խորագրով գրքի շնորհանդեսը, որտեղ Սյուզաննա Փիլոսյանը ներկայացնում է ավելի քան 90 հայ և ռուս անվանի արվեստաբանների հոդվածները Խաչատուր Իսկանդարյանի ստեղծագործությունների մասին։

«Ազատության» հետ զրույցում Սյուզաննա Փիլոսյանը նշեց. - «Այս տարին հոբելյանաշատ տարի էր։ Խաչատուր Իսկանդարյան, Հակոբ Հակոբյան, Սուրեն Սաֆարյան, Ղուկաս Չուբարյան... ես դեռ կարող եմ թվարկել էս շարքը։ Խաչատուր Իսկանդարյանի հետ ես շատ երկար բարեկամություն ունեի։ Սկսած 1980 թվականից ես ճանաչում էի իրեն, որովհետև աշխատում էի Ազգային պատկերասրահում և հաճախ լինում էի արվեստանոցում։ Երբ որ 2007 թվականին տպագրվեց իմ «Մարիամ Ասլամազյան» ալբոմը, Խաչատուրը շատ էր հավանել այդ ալբոմը ու անընդհատ ինձ ասում էր՝ ես ալբոմ չունեմ, ես ոչինչ չունեմ, ես ուզում եմ, որ մի ալբոմ ունենամ, և դա ես ու դու պիտի անենք։ Մենք միասին սկսեցինք աշխատել։ Ընթացքում տեսանք, որ շատ-շատ է գրվել Իսկանդարյանի մասին, գրել են էնպիսի անվանի արվեստաբաններ, ինչպես Պարսամյան Ռուբեն, Ռուբեն Զարյան, Մոսկվայից Կոգան... շատ-շատ հայտնի անուններ կարող եմ թվարկել։ Որոշեցի, որ «Ստեղծագործական ուղու արձագանքներ» գիրքը անենք։ Իրեն շատ դուր եկավ ու սկսեցինք միասին աշխատել»։

Հետո Խաչատուր Իսկանդարյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով, դադարեցրել են աշխատանքները, թեև գիրքը գրեթե ամբողջությամբ պատրաստ է եղել։ Իսկ 2015 թվականին 92 տարեկան հասակում վախճանվել է Խաչատուր Իսկանդարյանը։ Եվ ահա Սյուզաննա Փիլոսյանը հնարավորություն է ունեցել նրա հեռանալուց միայն 8 տարի անց հրատարակել և ծննդյան հոբելյանական այս տարում ներկայացնել այս գիրքը լայն հանրությանը։

«Տեսա, որ շատ մեծ աշխատանք եմ արել, ու սա ջուրը գցել հնարավոր չի, ավելի լավ է գիրք լինի։ Տպել եմ շատ քիչ տպաքանակով։ Գրախոսել են Արարատ Աղասյանը Գիտությունների ազգային ակադեմիայից և Հրավարդ Հակոբյանը։ Առաջաբանն էլ գրել է երիտասարդ մի արվեստաբան՝ Արմեն Առուստամբյանը։ Գիրքը կայացավ, ես իմ ուժերով եմ տպագրել, իմ միջոցներով», - ասաց Փիլիպոսյանը։

Անդրադառնալով Իսկանդարյանի ունեցած դերին՝ արվեստաբանն ասաց. - «Առաջին մանրաքանդակների հեղինակներից մեկը Խաչատուր Իսկանդարյանն է։ Կոլյա Նիկողոսյան, Խաչատուր Իսկանդարյան, նրանք կանգնած են ակունքներում մանրաքանդակի։ Մանրաքանդակը հնարավորություն է տալիս ավելի արագ արտահայտել մտքերդ, հույզերդ, զգացումներդ։ Ինքը շարք ունի՝ «Հուշեր հին Երևանից», էն ժամանակ արհեստների քաղաք էր։ Եթե հիշում եք՝ դանակ-մկրատ սրողներ, ներկարարներ, մեր հին շուկան, ինքը էդ բոլորը վերածել էր մանրաքանդակների ու նայում-ասում էր՝ լսո՞ւմ ես, ես շուկայի ձայնը լսում եմ, աղմուկը լսում եմ։ Կամ քննարկում քանդակը, մեզ մոտ գիտխորհուրդ կար, որ նայում էին էդ գործը կարելի՞ է թույլատրել, Սովետական Միության էր, չէ՞... Արա Սարգսյան, Սուրեն Ստեփանյան, Հակոբ Կոջոյան, Մարտիրոս Սարյան, Գաբրիել Գյուրջյան... վեճի մեջ էին, մեկը ասում ա լավը, մյուսը չի հավանում։ Դա է ներկայացրել, այդ քանդակը այնքան էին հավանել, որ 1982 թվականին տպագրվեց Մոսկվայում հրատարակված գրքերից մեկում»։

Սյուզան Փիլոսյանը խոսեց նաև հուշարձանների մասին. - «Հակոբ Մեղապարտի հուշարձանն է իրենը և կայարանի շենքի սրաձողի ծայրի հայկական զարդանախշերով բոլորակը։ Բայց իր գործերից շատ ավելին կլիներ Երևանում, եթե մեր պաշտոնյաները հասկանային, թե ինչ գործեր կան... Բայց ունի նաև շատ տեղադրվածներ, որոնցից երկուսը Գյումրիում են, կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը, Ավետիք Իսահակյանը։ Ունի Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը Արտաշատում, ունի Վարդենիսում Վիկտոր Համբարձումյան։ Շատ հետաքրքիր պատմում էր, որ Վիկտոր Համբարձումյանը որ օրը որ չէր գալու բնորդելու, գալիս էր արվեստանոց, ասում էր, որ չի գալու ու հետ էր գնում։ Իսկանդարյանը մեղմ համեստ մարդ էր, ինքն իրեն առաջ գցել չգիտեր։ Նրա ժառանգության մեծ մասը շատ լավ պահպանվում է Ազգային պատկերասրահում, մի մասը պահպանվում է Երևանի պատմության թանգարանում, հատկապես Հին Երևան շարքը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG