Եվրոպական միությունը «Ռուսաստանի ներքին գործն» է համարում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության և դրա հիմնադիր, մեծահարուստ Եվգենի Պրոգոժինի զինված ընդվզման փորձը և այն զսպելուն ուղղված իշխանության ջանքերը: Այդ մասին այսօր հայտնել է Եվրոպական հանձնաժողովը:
«Այս պահին տեղի ունեցող զարգացումները համարում ենք Ռուսաստանի Դաշնության ներքին գործը: Եվրամիությունն ուշիուշով հետևում է իրադարձություններին»,- ասվում է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչի հայտարարությունում:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան տեղեկացրել է, որ Ռուսաստանից ստացված տեղեկությունների կապակցությամբ քննարկումներ է անցկացրել կառավարության և պաշտպանության նախարարության հետ:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ Պրիգոժինի հետ կապված իրադարձությունը վերջին ժամանակաշրջանում ամենանշանակալից մարհահրավերն է Ռուսաստանի պետությանը:
Սպիտակ տան ներկայացուցիչն «Ամերիկայի ձայնի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ Վաշինգտոնը հետևում է իրավիճակին:
«Մենք քննարկումներ կանցկացնենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ»,- ասել է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյան:
Ռուսաստանում ծավալվող իրադարձություններին ուշադրությամբ հետևում են նաև Գերմանիայում և Ֆրանսիայում, ընդ որում Ելիսեյան պալատը հայտնել է, որ Փարիզի ուշադրության կենտրոնում է մնում աջակցությունն Ուկրաինային:
Մինչդեռ, Կիևն այսօր հայտարարել է, թե «այն, ինչ հիմա տեղի է ունենում Ռուսաստանում, սոսկ սկիզբն է»:
«Էլիտաների միջև պառակտումը չափից շատ անկերև է, այլևս չի հաջողվի ձևացնել, թե բան չի պատահել»,- այսօր Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
«Ես ուշադրությամբ հետևում եմ այդ ամենին և կապի մեջ եմ Եվրոպայի ղեկավարների ու «Մեծ յոթնյակի» գործընկերների հետ։ Սա Ռուսաստանի ներքին գործն է։ Մեր աջակցությունն Ուկրաինային և նախագահ Վլադիմիր Զելենսկուն անփոփոխ է»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։