Մատչելիության հղումներ

Մատենադարանում իր աշխատանքն ավարտեց Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովը


«Ներսես Շնորհալի. Բազմաշնորհ Հայրապետը». այս խորագիրն էր կրում հունիսի 21-ից 23-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում անցկացված միջազգային գիտաժողովը՝ նվիրված Ամենայն Հայոց Կաթողիկոս, մատենագիր, երգիչ-երգահան, քաղաքական ու հասարակական գործիչ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին։

Գիտաժողովի մասնակիցները՝ հայ և օտարազագի հոգևորականներ և գիտնականներ, հանդես եկան 60 բանախոսություններով՝ նվիրված Շնորհալու թողած մեծ ժառանգությանը։

Շնորհալու մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների, հոբելյանների օրացույցում»։ Մատենադարանում կազմակերպաված այս գիտաժողովի նախաձեռնողն ու համակարգողը Վահան Տեր- Ղևոնդյանն է։

Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը «Ազատության» հետ զրույցում նշում էր, որ Շնորհալու մահվան 850-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի մի շարք գիտամշակութային ծրագրեր են իրականցվում Հայաստանում և արտասահմանում. - «Առաջինը Անթիլիասում գիտաժողով կայացավ մեկ ամիս առաջ։ Եվ հիմա մեր մոտ մեծ եռօրյա գիտաժողով է միջազգային։ Հայաստանցի և արտասահմանից ժամանած հայագետներ իրենց ուսումնասիրություններ են ներկայացնում հիմնականում Ներսես Շնորհալու գրավոր ժառանգության, կյանքի, գործունեության վերաբերյալ։ Միաժամանակ մենք կազմակերպեցինք Ներսես Շնորհալու ստեղծագործությունների ձեռագրերի ցուցադրություն մեր թանգարանային մասում։ Բավական հետաքրքիր նյութեր են ներկայացված ՝իր գրական, ստեղծագործական ուղղությունները ներկայացնող ցուցափեղկերով և համապատասխան բացատրություններով։ Կարծում եմ, որ Մատենադարանի այցելուները հետաքրքրությամբ կարող են դիտել այդ ցուցադրությունը։ Ցուցահանդեսը կմնա մինչև տարեվերջ»։

Այս գիտաժողովի ավարտից ընդամենը 5 օր անց՝ հունիսի27-ին Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայում կմեկնարկի Շնորհալու կյանքին, գործունեությանը և թողած ժանանգությանը նվիրված ևս մեկ միջազգային երկօրյա գիտաժողով, որը նույնպես կուղեկցվի ցուցահանդեսի բացմամբ։ Ցուցահանդեսի նյութերը՝ միջնադարյան ձեռագրերի վերատպությունները դարձյալ տրամադրել է Մատենադարանը։ Այդ օրը միջնադարյան հոգևոր երաժշտության կատարմամբ Ներսես Շնորհալու ստեղծագործությունները կներկայացնի «Հովեր» երգչախումբը։

Կարեն Մաթևոսյանը նշեց, որ այս գիտաժողովներին կհաջորդի ևս մեկը՝ աշնանը. - «Աշնանը Վատիկանում պիտի լինի։ Նաև պատարագ է լինելու, եկեղեցական հանդիսավոր արարողություններ և գիտաժողով, որին նույնպես կմասնակցեն Մատենադարանի աշխատակիցները։ Այսօր մենք մեր երախտագիտության տուրքն ենք մատուցում իսկապես Մեծ մարդուն, և կարող եմ ասել, որ այս գիտաժողովը առիթ դարձավ, որպեսզի անդրադառնանք Ներսես Շնորհալու ողջ ժառանգությանը և նրա գործունեությանը, որը շատ բուռն է եղել՝ կաթողիկոս՝ որպես կազմակերպիչ, որպես դիվանագետ։ Որովհետև այն ժամանակ կաթողիկոսությունը նաև այլակրոն և այլադավան եկեղեցիների հետ հարաբերվելու հիմնական միջոցն էր, Բյուզանդական կայսրության, կաթոլիկ եկեղեցու [ հետ] Հռոմի։ Եվ մենք տեսնում ենք, որ իսկապես Պահլավունի կաթողիկոսները, որոնց մի օղակն էր նաև Ներսես Շնորհալին, իսկապես չափազանց մեծ դեր են կատարել նաև Կիլիկիայում հայկական պետականության հաստատման գործում»։

Հարցին, թե որն է նրա դերը հայ ժողովրդի, հայ մշակույթի զարգացման ու պահպանման մեջ, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատարն արձագանքեց. - «Ներսես Շնորհալու դերը բազմակողմանի և բազմաճյուղ է։ Նա մեր քերթողական արվեստում նորություններ բերած հեղինակ է, մեր պահպանված շարականների հիմնական մասը կամ նրա հեղինակությամբ են, կամ նրա խմբագրությամբ են։ Ունի և չափածո, և արձակ բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք մենք հրատարակել ենք երկու ստվար հատորով 2018 2022 թվականներին։ Փաստորեն այդ երկու հատորների մեջ ներառել ենք նրա ամբողջ գրավոր ժառանգությունը»։

Մատենադարանում տեղի ունեցած Շնորհալուն նվիրված այս ծավալուն եռօրյա գիտաժողովը, Կարեն Մաթևոսյանի խոսքով, ձեռագրատան նախաձեռնած այս տարվա կարևորագույն միջոցառումն է. - «Շնորհալիական տարի է։ Շատերը իհարկե իր անունը լսել են, բայց հիմա նաև առիթ է, որպեսզի իր դերը և իր ստեղծագործությունները ավելի հանրամանչելի ներկայացվի, և մեր ժողովուրդը իմանա, որ այդպիսի խոշոր գործիչ է ունեցել։ Իսկապես նրան պատահական չի, որ երկրորդ Լուսավորիչ են կոչում նաև»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG