Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաղորդում է երեկ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակելի տներից մեկի ուղղությամբ ադրբեջանական դիրքից արձակված կրակահերթի մասին:
Հաղորդագրության համաձայն՝ հինգշաբթի երեկոյան Ճանկաթաղի բնակիչ Զորի Առաքելյանը զանգահարել է շրջանային բաժնի հերթապահ մաս և հաղորդել, որ ադրբեջանական դիրքից անկանոն կրակահերթ են արձակել իրենց տան ուղղությամբ։
«Դեպքի վայր մեկնած ավագ հետաքննիչը պարզել է, որ ժամը 13:30-ի սահմաններում Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից արձակված կրակոցների հետևանքով վնասվել է Զորի Առաքելյանի տան տանիքը: Վնասի չափը պարզվում է: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին», - ասված է հաղորդագրությունում:
Ադրբեջանական կողմն այս հաղորդումը դեռ չի մեկնաբանում: