Երեկվա հորդառատ անձրևից ու կարկուտից հետո Գյումրին մի քանի ժամով Վենետիկն էր հիշեցնում։ Հեղեղումների տեսանյութերը համացանցում ակտիվ տարածող գյումրեցիները զուգահեռ քաղաքային իշխանություններից հետաքրքրվում էին՝ ինչո՞ւ չի գործում քաղաքի ջրահեռացման համակարգը։
Դավիթ Աբդալյանի հրապարակած տեսանյութում պարզ երևում է ջրի այն ծավալը, որը կուտակվում է քաղաքի գլխավոր հրապարակին հարակից փողոցներում։
«Ամեն անձրևից հետո կնշեն՝ վայ, կա, մեջը աղբ են լցրել, բայց հետևողական պետք է էղնինք, որ աղբը մաքրվի։ Սկսած սելավատարներից, որոնք չիդեմ ձևակեն են, թե իրոք կան, մինչև էն կարևոր կետերը որոնք պարտավոր են ապահովել քաղաքը ջրի տակ չանցնելու համար», - ասում է Դավիթը։
Նրա խոսքով, այս իրավիճակում գյումրեցիներին այլ բան չէր մնում, քան սրամտելը. - «Միակ բանն օր կըրնանք էդ ժամանակ էնենք, հումորով վերաբերվելն է, կոպիտ ըսած՝ ամեն փողոց անցնելուց էլի չեմպիոններ կուտայինք, լողի աշխարհի չեմպիոններ տալով, փողոցները կանցնեինք»։
Օգտատերերը քննադատության սլաքը համայնքապետարանի կողմն էին ուղղում։ Քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետի պաշտոնակատար Արտավազդ Ոսկանյանն ընդունում է, որ գործող 450 հեղեղատարները բավարար չեն, բայց քաղաքի հեղեղման գլխավոր մեղավորը, ըստ պաշտոնյայի, սովորականից շատ տեղումներն են. - «Էդ վիճակը պայմանավորված է տեղումների մեծ ծավալի հետ, էնտեղ կարկուտ էլ տեղաց, տեսաք ինչ վիճակ էր... աղետալի էր»։
Մինչ օգտատերերը մեկը մյուսի հետևից տեսանյութեր էին հրապարակում, քաղաքապետարանն իր հերթին նկարներ ու տեսանյութեր էր տարածում, թե ինչպես են մաքրում սելավատարները, որ խցանում չառաջանա։
Առաջին անգամը չէ, որ Գյումրիում անձրևներից հետո հեղեղում է սկսվում։ Երեք տարի առաջ այս օրերին տեղացած ու սառցե հսկայական բեկորների վերածված կարկուտը ջրի տակ էր թողնել մեքենաներ, տներ էին վնասվել։
Երեկվա հեղեղումից հետո Գյումրիի ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանը քաղաքի տարբեր թաղամասերում է շրջել, տեսածը նկարահանել. ցույց է տալիս քաղաքի կենտրոնով անցնող Գյումրի գետը, որի վրայի ծածկը քայքայվել ու փլուզվել է։
Բարսեղյանի խոսքով, քաղաքային իշխանությունները թվեր հրապարակելու փոխարեն պետք է հաշվեն, թե նոր ջրատար համակարգի կառուցման համար որքան գումար կպահանջվի ու անցնեն գործի։ Նկատում է՝ նոր կառուցված փողոցներում էլ հաշվի չեն առել, որ տեղումները կարող են նման ծավալի հասնել. - «Նոր բոլոր կառուցապատվող փողոցների նախագծերի մեջ պատշաճ ջրահեռացման համակարգեր պիտի նախագծվեին։ Որոշները, որոնցում իբր թե նախագծվել են, հզորություններն ու ծավալները պատշաճ չեն հաշվվել, ռիսկերի որակյալ գնահատում չի եղել։ Այսինքն՝ եթե էնտեղ նախատեսվել է ինչ-որ մի բան, բայց դու գիտես, կոնկրետ պատմական օրինակներ ունես, որոնց ժամանակակիցն ես։ 18-րդ դարում չի եղել, երեք տարի առաջ է եղել... Էդ ամեն ինչը հաշվի առնելով, նախագծման պատվերի ժամանակ պիտի ասես, որ եթե խողովակը նախատեսել ես, չգիտեմ, 40 սանտիմետր տրամագծով, ախպեր, մետրանոց նախագծի։ Ծախսերն ավելանալու ենք, հասկանում ենք, բայց դրա փոխարեն մենք ունենալու ենք բարեկարգ և անվտանգ միջավայր»։
Հիդրոմեդի կանխատեսումներով, առաջիկա օրերին ևս Գյումրիում հորդ տեղումներ են սպասվում։ Մինչ այդ սրամիտ գյումրեցիները Գյումրիում «չոր նավահանգիստ» կառուցելու խոստում տված Էկոնոմիկայի նախարարին առաջարկում են մտածել իսկական նավահանգստի մասին։
Էկոնոմիկայի նախարարը անցած տարեվերջին խոսում էր Գյումրիում «չոր նավահանգիստ» ստեղծելու ծրագրի մասին։ Դա տրանսպորտային հաբ է, որն իր տեսակով նման է այդպես էլ չբացված ազատ տնտեսական գոտուն։