2023 թվականը հոբելյանական տարի է «Ոսկե Ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի համար։ Այս տարի նշվում է փառատոնի հիմնադրման 20-ամյակը։
Ճիշտ 20 տարի առաջ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը և կինոգետներ Միքայել Ստամբոլցյանն ու Սուսաննա Հարությունյանը ձեռնամուխ եղան Հայաստանում միջազգային կինոփառատոն հիմնադրելու բարդ և պատասխանատու աշխատանքին։ Հարություն Խաչատրյանի խոսքով, կինոփառատոնի հիմնադրման անհրաժեշտությունը գալիս էր այն բանից, որ կործանվել էր հայկական կինոն, ֆիլմեր չէին նկարահանվում, կինոթատրոնները վաճառվել և բոլորովին այլ հաստատությունների էին վերածվել, և իրենց նպատակն էր ոչ միայն փառատոնի միջոցով վերակենդանացնել հայկական կինոն, այլև աշխարհի ուշադրությունը բևեռել Հայաստանի վրա, ուր ամեն տարի կայցելեն միջազգային նշանավոր կինոգործիչներ, կծանոթանան Հայաստանի պատմության ու մշակույթին, արվեստին և կվերադառնան իրենց հայրենի երկրներն արդեն որպես Հայաստանի բարեկամներ։
Փառատոնն իսկապես այս 20 տարիների ընթացքում ունեցավ բացառիկ հաջողություն՝ ճանաչելի դարձնելով Հայաստանը միջազգային կինոհանրության կողմից, միջազգային համագործակցության տարբեր հնարավորություններ ստեղծելով հայ կինոգործիչների համար, այստեղ էլ դառնալով ամենահեղինակավոր և սիրված փառատոներից մեկը։
Փառատոնի հիմնադիրներից Սուսաննա Հարությունյանն ընդգծում է. - «Ամեն տարի և' դժվարին, և' շատ ուրախալի պահեր են եղել։ Եվ հիմա քսանամյակին, երբ փորձում ես ամփոփել, միայն լավ բաներ են միտքդ գալիս։ Գալիս են էն հրաշալի մարդիկ, էն ռեժիսորները, որ այցելել են Հայաստան «Ոսկե Ծիրանի» շնորհիվ, որոնց հետ շփվել ենք, որոնց համար մենք բացել ենք և ներկայացրել ենք Հայաստանը և հայ կինոն։ Էդ ձեռքբերումներն են ինձ հիմա իսկապես ոգեշնչում։ Իսկ դժվարությունները ցանկացած ժամանակ լինում են, և երբ որ հաղթահարում ես, ասում ես ուրեմն հնարավոր էր... ուրեմն հնարավոր էր քսան տարի պահել էդ փառատոնը։ Ոչ միայն պահել, այլ ճիշտ ձևով փոխանցել երիտասարդ սերնդին։ Մենք իրենց հետ աշխատում ենք, և ես շատ հպարտ եմ նաև մեր նոր թիմով, որոնց հետ մենք շատ լավ ենք աշխատում և համախոհ ենք»։
Փառատոնի հիմնադիր, անվանի կինոգետ Միքայել Ստամբոլցյանի համոզմամբ, փառատոնի բերած ամենակարևոր բանը երջանկությունն է. - «Երջանկությունը, որ զբաղվում ենք լավ գործով։ Լավ գործով զբաղվում ես սիրում, ձեռքբերումներ էլ լինում են»։
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով. - «Նրանք, ովքեր իրենց կյանքում գոնե մեկ անգամ կազմակերպել են փառատոն, փայլուն հասկանում են, թե ինչ ջանք, ճիգ, համբերություն, ներդրում է պահանջում փառատոնի կայացումը։ Փառատոնը այնպիսի մշակութային ֆենոմեն է, որ իր արժեքը, իր գինը որոշվում է նաև իր տարիքով, իր ձևավորած ավանդույթներով։ Եվ այս առումով «Ոսկե Ծիրանը» մեր մշակութային համայնապատկերում իսկապես շատ թանկ փառատոն է։ Արժանավոր մի փառատոն, որը, ըստ էության, հաղորդակից է դարձնում մեզ միջազգային գեղարվեստական պրոցեսներին և այն մեծ միջանցք է, որով տարբեր երկրներից տարբեր կինոշուկաներում դիրքավորված արվեստագետներ, կինոգործիչներ, կինոարտադրողներ մուտք են գործում Հայաստան և համագործակցությունն են ընդլայնում մեր և աշխարհի»։
Փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ն ընկած ժամանակահատվածում։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս կինոարվեստի երկրպագուներին կներկայացվեն տասնյակ ու տասնյակ ֆիլմեր ամենատարբեր երկրներից։ Բացի մրցութային ծրագրից, տարբեր անվանակարգերում ևս կներկայացվեն երկու տասնյակից ավելի հայկական ֆիլմեր։
Ի դեպ «Ոսկե Ծիրան» միջազգային 20-րդ կինոփառատոնի բացման ֆիլմն է Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» գեղարվեստական ֆիլմը, որի ստեղծմանը մասնակցել են Բելգիան, Իտալիան, Նիդերլանդները, Բուլղարիան և Հայաստանը։ Ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը Սամվել Թադևոսյանն է։
Փառատոնի շրջանակներում տեղի կունենա իրանահայ անվանի ռեժիսոր, իրանական կինոյի նշանավոր վարպետներից մեկի՝ Սամուել Խաչիկյանի ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրությունը Հայաստանում։
Այս տարի նշվում է նաև հայ կինոյի ստեղծման 100-ամյա հոբելյանը, որը կնշավորվի նաև «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքում՝ հոբելյանին նվիրված հատուկ ծրագրով։
Փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմն այս տարի կգլխավորի Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնի «Ոսկե Առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը, իսկ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է օսկարակիր պրոդյուսեր Ջերիմի Թոմասը։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն պատվավոր հյուրեր՝ աշխարհահռչակ կինոգործիչներ։
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի փակմանը կցուցադրվի կանադահայ անվանի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույց» ֆիլմը՝ ստեղծման 30-ամյակի առթիվ։
Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։