Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2022 թվականի նոյեմբերի 3-ին Արմավիր-Երևան ճանապարհին չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Մասնավորապես, Քննչական կոմիտեի փոխանցմամբ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Գազել» ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարhով միջքաղաքային ուղևորափոխադրում իրականացրել է իր վարած տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով նախատեսված քանակից ավելի՝ առնվազն 26 ուղևորներով:
Նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների արդյունքներով պարզվել է, որ Մրգաշատ գյուղի խաչմերուկից անց՝ դեպի Արմավիր քաղաք տանող ճանապարհահատվածում, վարորդը երթևեկել է թույլատրելի առավելագույն արագությունն էականորեն գերազանցող՝ շուրջ 70,75կմ/ժ արագությամբ:
Վարորդին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով` «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը և գրավը: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:
ՔՕ 342-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է 4-ից մինչև 8 տարվա ազատազրկում: