ՀԱՅԱ փառատոնի հրավերով առաջին անգամ Երևանում է և վաղը Մարզահամերգային համալիրում հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ստեֆան Հաուզերը։
Համերգից առաջ այսօր «Երևան» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱՅԱ փառատոնի հիմնադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ փառատոնի նպատակը հայ հանդիսատեսին մեր օրերի ամենահանրաճանաչ երաժիշտներին ներկայացնելն է, որոնց շարքում է մեր օրերի ամենահայտնի և ամենասիրված երաժիշտ կատարողներից Ստեֆան Հաուզերը։
«ՀԱՅԱ-ն երկրորդ տարի է սկսում է իր իրադարձային համերգները ներկայացնել։ Վաղը մենք մեծ, գեղեցկագույն համերգ ունենք, ներկայացում։ Եվ պիտի խոստովանեմ, որ մենք բազմաթիվ տարիներ ենք աշխատել, որպեսզի Հաուզերը գա Հայաստան։ Անգամ մինչև ՀԱՅԱ-ի հիմնադրումը խոսք էր գնում մեծ երաժշտին, սիրված երաժշտին Երևան հրավիրելու մասին։ Եվ այսօր, կարծում եմ, սա մեծ տոն է, մեծ նվեր է մեր հասարակությանը», - ասաց Հովհաննիսյանը։
Երեկ Ստեֆան Հաուզերի ծննդյան օրն էր, որը նա անցկացրել է Երևան թռչող օդանավում։
«Ինքնաթիռում էի, տորթ էի ուտում ու շամպայն խմում և երջանիկ էի, որ առաջին անգամ Հայաստան եմ գալիս», - ասաց Հաուզերը։
Ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, նա ասաց, որ հաջողության գաղտնիքը ինքն իրեն հավատարիմ մնալն է, «իրական լինելը, չկրկնել որևէ մեկին և անել այն, ինչ ինքդ ես ուզում»։
Ստեֆան Հաուզերի համոզմամբ, ամենակարևորը անընդհատ աշխատելն է և նորանոր ծրագրերով հանդես գալը, երբեք նույն տեղում չմնալը։ Երևանյան այս հյուրախաղը մի նոր համերգային շրջագայությունների սկիզբն է, որը կշարունակվի մինչև հոկտեմբեր։ Այս ընթացքում կթողարկվեն նաև իր նոր ալբոմները։ Անձամբ ինքը միշտ երազել է թավջութակի հնչյունների գեղեցկությունը առավել հանրամատչելի դարձնել հարյուր հազարավոր մարդկանց համար, և ոչ միայն դասական երաժշտության սիրահարների։ Հենց այդ է պատճառը, որ սկսեցին ի հայտ գալ իր իսկ մշակած նոր համերգային ծրագրերը՝ թավջութակով ներկայացնել ոչ միայն դասական, այլև ժամանակակից, մեր օրերին ծնունդ առած հրաշալի երաժշտությունը հատկապես երիտասարդ սերնդին ներկայացնելու համար, և ինքը շատ երջանիկ է, որ իրեն հաջողվել է այդ անել։
«Ազատության» հարցին, թե ովքեր են եղել իր ուսուցիչները, իր սիրած թավջութակահարները, անվանի երաժիշտը պատասխանեց, որ այդ առումով իր բախտը բերել է, որովհետև իրեն հաջողվել է շփվել լեգենդար անունների հետ, դասեր առնել մեծագույն վարպետներից, հատկապես Ռոստրոպովիչից, որին թավջութակի աստված է համարում։
Հավելենք, որ Ստեֆան Հաուզերը ծնվել է Խորվաթիայի Պուլա քաղաքում, երաժիշտների ընտանիքում։ Թավջութակ սկսել նվագել դեռ մանկուց։ Իր վիրտուոզ կատարումներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում, բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր է։ Հանդես է եկել Էլթոն Ջոնի, Անդրեա Բոչելլիի, Ջորջ Մայքլի և այլ աշխարհահռչակ երաժիշտների ու խմբերի հետ։