Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է կնոջ ահազանգը, որ հորն սպանած ամուսինը հիմա էլ «իրեն, երեխաներին է սպառնում»


Լուսանկարը Լիանա Մարգարյանի տեսաուղերձից
Լուսանկարը Լիանա Մարգարյանի տեսաուղերձից

Երիտասարդ կինը սոցիալական ցանցերով օգնություն է խնդրում՝ հորը սպանած ամուսինը ազատության մեջ է, հիմա էլ սպառնում է իրեն, անչափահաս որդիներին ու հարազատներին։ Լիանա Մարգարյանը ստիպված է թաքնվել անչափահաս որդիների հետ։

«Իմ ամուսինը՝ վեցերորդ վարչության նախկին աշխատակից Գոռ Հրաչի Տեր-Եսայանը, գտնվելով թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ, մեր բնակարանում իմ և երկու անչափահաս երեխաներիս ներկայությամբ կրակահերթ է արձակել, իմ աչքի առաջ սպանել է իմ հորը՝ 47-ամյա Արթուր Մարգարյանին», - տեսաուղերձում ասում է կինը։

Ողբերգական այդ պատմությունից հետո Գոռ Տեր - Եսայանը անազատության մեջ է մնացել 2.5 տարի, նախ կալանավայրում, հետո հոգեբուժարանում։ Դատահոգեբուժական երկու փորձաքննություններով երիտասարդ տղամարդը ճանաչվել է անմեղսունակ ու ազատ է արձակվել։ Վերջին 3-րդ փորձաքննությամբ, սակայն, փորձագետները եզրակացրել են, որ աներոջը սպանած երիտասարդը մեղսունակ է։

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը համաձայն չէ ու միջնորդել է, որ իր պաշտպանյալի հոգեկան առողջությունը նորից ստուգեն։

«Ինքը ճանաչվել է անմեղսունակ և քրեադատավարական օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետից մեկուկես անգամ ավելի ապօրինի պահվել է նախնական կալանքի տակ, այլևս մարդուն չէին կարող պահել նախնական կալանքի տակ։ Բացի այդ, անմեղսունակ ճանաչված անձը չի կարող գտնվել խափանման միջոցի տակ», - պնդում է նա։

Մարգարյանների ընտանիքի փաստաբան Գոռ Սաղոյանն է հակադարձում՝ կա ապացուցված փաստ՝ Գոռ Տեր-Եսայանը սպանել է իր կնոջ հորը, բայց ազատության մեջ է։ Փաստաբանն ինքը դեմ է, որ խափանման միջոց կալանքը հաճախ կիրառվի, բայց ոչ այս դեպքում, երբ նոր հանցագործության վտանգ կա. - «Կան դեպքեր, երբ կալանավորումը ուղղակի միակ արդյունավետ միջոցն է՝ մեկուսացնելու անձին հասարակությունից, այն անձին, որ այդ հասարակության համար իրենից վտանգ է ներկայացնում։ Կինը, երեխաները, նույնիսկ մեղադրյալի մայրն այդ դեպքի ժամանակ գտնվել են տանը»։

Ինեսա Պետրոսյանը պնդում է՝ աներոջը սպանած տղամարդը սպառնալիքներ չի ուղղել կնոջն ու նրա հարազատներին, հաշվառված է հոգեբուժարանում, առողջական վիճակը թույլ է տալիս, որ բուժումը շարունակի ազատության մեջ. - «Հենց նույն Լիանա Մարգարյանի ցուցմունքը, Գոռ Տեր-Եսայանի մայրիկի ցուցմունքը երբ կարդում ես, հասկանում ես, որ այստեղ ու գործ ունես հոգեկան խնդիրներ ունեցող անձի հետ։ Վկաները նկարագրում են այդպես Գոռ Տեր-Եսայանին, ով հագնում է զինվորական համազգեստը, վերցնում է ինչ-որ զենք ու ասում է, որ գնում է՝ գրավելու Բաքուն։ Եվ նույն անձը նշում է, որ իր հայրիկի հետ Գոռ Տեր-Եսայանն ունի հիանալի հարաբերություններ»։

Լիանա Մարգարյանի փաստաբան Մուշեղ Խաչիկյանը, մինչդեռ, ասում է, որ Լիանան թաքնվել է, որովհետև հոգեբուժարանից դուրս գրվելուց հետո ամուսինը հետապնդել է կնոջն ու նրա հարազատներին. - «Բազմակի անգամ շենքի հետապնդումներ և այլն, մի քանի անգամ նկատել են, ահազանգել են, բայց ոստիկանությունը չի հասցրել դեպքի վայր գալ, և այս ամբողջը, վստահորդիս պնդմամբ, տեղի է ունեցել, սպառնալիքները և այլն, իրատեսական են, պահպանման ծառայությունը տրամադրվել է նաև Լիանա Մարգարյանի հարազատներին՝ ոստիկանությունն ամեն տեղ ուղեկցում է, որովհետև վտանգը համարում են ռեալ», - ընդգծեց նա։

Այսպիսով Լիանա Մարգարյանի հարազատները տեղաշարժվում են ոստիկանների ուղեկցությամբ։ Կինն իրավապահ բոլոր մարմիններին էր դիմել ու պնդել՝ նախկին ոստիկան ամուսինը, համակարգում ունեցած իր կապերն օգտագործելով, իր դեմ քրեական գործեր է նախաձեռնում։

Ինեսա Պետրոսյանը, հերքելով այս պնդումները, ասում է՝ տղամարդը դեպքից հետո էլ պարտաճանաչ գումար է փոխանցել կնոջ հաշվին, որ վերջինս կարողանա երեխաների ծախսերը հոգալ։

Գլխավոր դատախազությունից փոխանցեցին՝ ուսումնասիրում են Լիանա Մարգարյանի հնչեցրած ահազանգը։

«Երեխաներս արդեն ականատես են դարձել սարսափելի տեսարանների։ Խոսքս միայն հորս սպանության մասին չէ, որի ժամանակ երեխաներս գտնվել են այդ նույն բնակարանում, այլ նաև տարիներ շարունակ Գոռ Տեր-Եսայանի կողմից թե՛ իմ, թե՛ նրանց նկատմամբ իրականացված բռնությունների և դաժան վերաբերմունքի մասին է։ Ես չունեմ փաստաթղթավորված ապացույցներ, բայց ունեմ վկաներ, որոնցից գլխավորը իմ 10 տարեկան որդին է, և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում նա կարող է պատմել ամեն ինչ, սակայն կրկնում եմ՝ ես անում եմ ամեն բան՝ երեխաներիս այս իրողությունից հնարավորինս հեռու պահելու համար», - ասում է Մարգարյանը։

Երկու կողմն էլ դժգոհ է գործի ընթացքից, ողբերգական այս դեպքից 3 տարի անց բուն դատաքննությունը դեռ չի մեկնարկել։ Իրավապաշտպաններն են հարցեր բարձրացնում՝ արդյո՞ք Գոռ Տեր-Եսայանն իսկապես ունի հոգեկան առողջության խնդիրներ, թե՞ այդ պատրվակով պատժից է խուսափել։ Մինչ այդ հայրը պահանջում է՝ դատարանն իրեն թույլ է տվել զավակներին տեսակցել, մայրը պնդում է՝ քանի դեռ ամուսինը ճաղերի հետևում չէ, իր տեղը չի բացահայտի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG