«Ինչ-որ առաջխաղացում, ենթադրում եմ, որ փորձում են ունենալ», - խոսելով այսօր սահմանին ստեղծված իրավիճակի մասին՝ ասաց իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
«Որքանով հասկացել եմ՝ փորձել են ինչ-որ դրոշ տեղադրել, բայց դա էլ պետք է ունենա իր տրամաբանական բացատրությունը, որովհետև էնպես չի, որ պարզապես դրոշ դնել է, այսինքն, ինչ-որ առաջխաղացում, ենթադրում եմ, որ փորձում են ունենալ», - ասաց Ջուլհակյանը:
Ադրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է փաստաթղթով ամրագրի, որ Ղարաբաղն Ադրբեջան է», իշխանական պատգամավորը նշեց՝ Ադրբեջանը մինչև արևմտյան միջնորդությամբ բանակցությունների գնալը փորձում է տեղում իրավիճակը փոխել:
«Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանն զգում է, որ իր նկատմամբ միջազգային ճնշումը, մասնավորապես, Արևմուտքի կողմից ավելացել է, ու իրենք պարզապես մինչև արևմտյան միջնորդությամբ բանակցությունների գնալը փորձում են տեղում իրավիճակը փոխել, որ արդեն բանակցությունների ընթացքում որոշակի արձանագրված իրավիճակ իրենք կարողանան ունենալ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցին, ապա՝ այո, այդ 86,6 հազար քառակուսի կմ-ն ճանաչվել է, բայց միաժամանակ արվել է արձանագրում առ այն, որ պարտադիր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների շուրջ պայմանավորվածությունների ստեղծումը և հստակ միջազգային մեխանիզմների ստեղծումը, և սա, բնականաբար, Ալիևին բնավ դուր չի գալիս և նա փորձում է նաև այս առումով որոշակի իրավիճակ փոխել», - ընդգծեց նա:
«Ազատության» հարցին՝ «Ադրբեջանի վրա արևմտյան ճնշումներ ասելով, նկատի ունի հայտարարությունների տեսքո՞վ», Ջուլհակյանը պատասխանեց. - «Դրանք կան, բաց պարզ է, որ նաև կուլիսների հետևում կան ավելի լուրջ խոսակցություններ Ադրբեջանի հետ: Համենայն դեպս մենք տեսնում ենք, որ Ադրբեջանին դեռևս այդ հայտարարությունները հետ չեն պահում սադրիչ գործողությունների դիմելուց, ու այստեղ է, որ մեր միջազգային գործընկերները նաև պետք է իրենց խոսքը ասեն: Եվ մենք պետք է հասկանանք՝ արդյոք ավելի գործուն մեխանիզմներ իրենք պատրաստվո՞ւմ են ներդնել միջազգային խուլիգանությամբ զբաղվող մեր հարևանին իր տեղը ցույց տալու համար՝ կլինեն դրանք անհատական պատժամիջոցներ, թե կլինեն հենց պետության դեմ ուղղված պատժամիջոցներ»:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել, սակայն դրա համար Երևանը պետք է քաղաքական կամք դրսևորի: