Մատչելիության հղումներ

Շուշիում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի իշխող կուսակցությունների բարձրաստիճան ներկայացուցիչները


«Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը, արխիվ
«Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը, արխիվ

Այսօր Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի իշխող կուսակցությունների՝ «Ենի Ազերբայջան»-ի և «Արդարություն և զարգացում»-ի բարձրաստիճան գործիչների հանդիպումը:

«Ադրբեջանա-թուրքական ռազմավարական համագործակցության հարաբերություններ. Փրկությունից հաղթանակ» նշանաբանով կազմակերպված միջոցառումը նվիրված է Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների հռչակագրի կնքման երկրորդ տարեդարձին:

«Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը Շուշիում իր ելույթում ասել է, թե շնորհիվ այդ հռչակագրի, Անկարայի և Բաքվի հարաբերությունները հասել են ռազմավարական համագործակցության մակարդակին:

Նա խոսել է նաև Բաքվի և Երևանի հարաբերությունների բարելավման մասին, նշելով, թե այդ հարցում «շատ բան Հայաստանից է կախված»: Բինալի Յըլդըրըմի խոսքով, «Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում ապրող հայերը պարտավոր են ընդունել իրականությունը և ինտեգրվել ադրբեջանական հասարակությունում»:

«Դա լուրջ քայլ կլինի Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»,- ասել է Յըլդըրըմը:

«Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ և կենտրոնական վարչության ղեկավար Թաիր Բուդաղովն, իր հերթին, ասել է, որ «եղբայրական Թուրքիայի բարոյական և քաղաքական աջակցությունը բացառիկ դեր է կատարել Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի համար»:

Շուշիում նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը միջոցառման մասնակիցներին պատմել է «այս հին ադրբեջանական պատմական քաղաքի վերականգնմանը և վերածննդին ուղղված աշխատանքների մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG