Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ է իշխող կուսակցության անդամ Սուրեն Թորոսյանը ֆուտբոլի պարապմունքի գնացող տղային իջեցրել մեքենայից


Ինչո՞ւ է Արագածավանի կոմունալ բաժնի պատասխանատու, իշխող կուսակցության անդամ Սուրեն Թորոսյանը ֆուտբոլի պարապմունքի գնացող 7-8 տարեկան տղային իջեցրել մեքենայից։ Նրան հանդիպել էր Թալինի ճանապարհին ու որոշել տեղափոխել:

«Մի տեսակ ակցենտով էր խոսում, Ղարաբաղի ակցենտով, ասացի՝ էս գյուղի՞ց ես, բա՝ «չէ, Ղարաբաղից եմ եկել», ասի՝ շուտվանի՞ց եք եկել, բա՝ «դավաճան Նիկոլը հողերը տվեց, հիմա էլ պատրաստվում ա Երևանը տա», պուճուր երեխա», - պատմեց իշխող կուսակցության անդամ​ը:

ՔՊ-ական Թորոսյանը այնքան է զայրացել, որ ճշտել է, թե փոքրիկ տղան որ գյուղից է, ծնողներն ովքեր են ու որտեղ են աշխատում, համախոհներին խոստանում է՝ կզբաղվի նրանցով. - «Տվյալ երեխայի ընտանիքը պետական գործի են, աշխատում են էդ համայնքապետարանում, սաղ ճշտել եմ, երկուշաբթի կզբաղվեմ դրանցով: Նման տիպի մարդկանց դուրս ենք շպրտելու համակարգից»:​

Երեխայի ընտանիքը Արցախից տեղահանվելուց հետո Թալինի տարածաշրջանի գյուղերից մեկում է ապրում, զրուցեցինք մայրիկի հետ, նա իսկապես համայնքային ենթակայության հաստատությունում է աշխատում, ձայնագրվել, նկարահանվել չցանկացավ՝ հուզված էր, ասաց՝ պարոն Թորոսյանը երևի բարկացած է եղել այդ ֆեյսբուքյան լայվի ժամանակ, իր որդուն ընդամենն ասել է՝ իջիր, տղա ջան, կոպիտ չի եղել։ Ինք էլ իր գործին է, իրենով չեն զբաղվել: Մայրը այս ամենը պատմում էր համայնքապետի ներկայությամբ։

Նույն տեսանյութում Արագածավանի տեղական պաշտոնյան սպառնալիքներով հեղեղում է, իր խոսքով, վարչապետին վատաբանողներին:

Արդյոք իրավապահներն այս ամենը՝ ներառյալ երեխայի հետ միջադեպը, քննության առարկա են դարձրել, Քննչական կոմիտեից ասում են՝ հաղորդում չեն ստացել, գործ չի հարուցվել, դատախազությունից տեղեկություն կարող են տալ միայն գրավոր հարցման դեպքում։ Արագածավանցի ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը այժմ մեղադրյալ է մեկ այլ գործով՝ հունիսի 7-ին համագյուղացու հետ միջադեպ է եղել, փայտով հարվածել է նրան, դեմքին գազ փչել։ Ի դեպ, նույն տեսանյութում Թորոսյանը հեռակա ողջույններ է հղում հարազատ տարածաշրջանի իրավապահներին:

«Ողջունում եմ մեր ԱԱԾ-ի ղեկավարին, Թալինի շրջանի ԱԱԾ-ի ղեկավարին, Անդրանիկ Օհանյանին, նաև ողջունում եմ Թալինի ոստիկանապետին, պարոն Հարությունյանին: Եղբայր, դուխով, կանգնած եմ ես քո թիկունքին, քո կողքին, քարշ տուր, տներից հանի», - հայտարարել է ​իշխող կուսակցության անդամ​ը:​

Իրավական ընթացք առայժմ չկա, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քննարկելո՞ւ է կուսակցի վարքը, Թալինի տարածքային կառույցի ղեկավարը գործուղման էր, Արագածոտնի մարզպետը, որ նույն կուսակցության անդամ է, շեշտեց՝ խնդիր կա և ինքն առաջարկելու է, որ այն անպայման քննարկվի:

«Միանշանակ քննարկում անպայման լինելու է, և ես իմ առաջարկությունն անելու եմ քննարկման հետ կապված՝ հենց էդ տեսանյութի խոսքի հետ կապված, որովհետև ճիշտ է՝ բռնության կոչեր կան այնտեղ, նորմալ չէր: Համենայնդեպս, իմ կարծիքով, էդ արտահայտություններն ու խոսքը, կարող էր ավելի ցիվիլ ու ոչ բռնության կոչերով ուղղորդված լիներ», - նշեց Սերգեյ Մովսիսյանը:​

Սուրեն Թորոսյանի հետ կապ հաստատել չկարողացանք, նրա ֆեյսբուքյան էջում բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր կան, թե ինչպես են կարգի բերվում Արագածավանի կանաչ գոտիները, ոռոգման համակարգերը, տանիքները, դարպասները։ Կոմունալ բաժնի պատասխանատուն ամենուր ցուցումներ է տալիս, իսկ կաբինետում՝ վարչապետի երկու լուսանկարներն են՝ մեկը՝ պատին, մյուսը՝ սեղանին։ Լուսանկարներից մեկն էլ վերնագրել է՝ «Ամեն երկուշաբթի առավոտ տալիս եմ հանձնարարական աշխատանքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG