Ամերիկացի միլիարդատեր, ներդրող և բարերար Ջորջ Սորոսը վճռել է իր հսկայական ֆինանսական կայսրությունը փոխանցել որդուն՝ Ալեքսին:
Այդ ընտրությունը որոշ իմաստով շատ սպասելի չէր, քանի որ 92-ամյա Սորոսը ժամանակին ասել է, թե չի ուզում, որ իր ստեղծած «Բաց հասարակության հիմնադրամներ» կառույցն անցնի իր հինգ զավակներից մեկի հսկողության տակ:
Հայտնելով իր 25 միլիարդ դոլարի հասնող կարողությունը 37-ամյա Ալեքսին վստահելու որոշման մասին, Սորոսն ասել է. - «Նա վաստակել է դա»։
Սորոսը հայտնի է որպես աշխարհի տարբեր շրջաններում ազատական գաղափարների իրականացմանը մեծ գումարներ նվիրաբերած գործարար:
Ալեքս Սորոսը հայտնել է, որ մտադիր է շարունակել այդ առաքելությունը, և ավելացրել է, որ ինքը հոր համեմատությամբ «ավելի քաղաքականացված է»:
«Բաց հասարակության հիմնադրամների» կառավարիչների խորհուրդն անցյալ տարվա դեկտեմբերին Ալեքսին ընտրել է նախագահ, և հիմա նա է կարգավորում կառույցի քաղաքական աշխատանքը:
«Կցանկանայի, որ փողը դուրս հանվեր քաղաքականությունից, բայց քանի դեռ ուրիշները դա չեն անում, մենք էլ դա չենք անի», - նշել է կրտսեր Սորոսը:
Ըստ Wall Street Journal հանդեսի, Սորոսի հիմնադրամը տարեկան մոտ 1,5 միլիարդ դոլար է փոխանցում ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարության կայացմանը սատարող խմբերին: