Մատչելիության հղումներ

Քրեական վարույթ՝ Վանաձորում պարող խմբի անդամի վրա մետաղական կոնստրուկցիան ընկնելու դեպքի առթիվ


Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, Վանաձորի հրապարակում տեղի ունեցած միջադեպի առթիվ։ Հանդիսավոր համերգի ժամանակ բացօթյա բեմում մետաղական կոնստրուկցիան ընկել էր պարող խմբի անդամներից մեկի՝ 6-ամյա Նարեի ոտքին։

Արդեն մեկ շաբաթ երեխան պառկած է, քայլել չի կարողանում։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ քրեական վարույթ է հարուցվել մարդու կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումք կամ ապրանք պատրաստելով, պահելով, փոխադրելով, առաքելով, ձեռք բերելով, այդպիսի աշխատանք կատարելով կամ ծառայություն մատուցելով անզգուշությամբ մարդու առողջությանը միջին կամ թեթև ծանրության վնաս պատճառելու հոդվածով։

Դեպքից 6 օր անց տուժած աղջնակի մայրը՝ Վեներա Քոչարյանն «Ազատությանը» տված հարցազրույցում զարմացել էր՝ ինչո՞ւ օրը ցերեկով, հրապարակային միջոցառման ժամանակ տեղի ունեցած դեպքին Ոստիկանությունը չի արձագանքել։ Այսօր հայտնի դարձավ, որ երեկ Քոչարյանն ինքն է դիմել Ոստիկանություն՝ բողոքով։

Հունիսի 1-ին Վանաձորի հրապարակը զարդարելու գործն ըստ համայնքապետարանի, մրցույթով ստանձնել էր Սպիտակ համայնքում գրանցված «Էնադ» ՍՊԸ-ն։ Վանաձորի համայնքապետի ԺՊ մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիքյանն այսօր «Ազատությանն» ասաց՝ մետաղական կոնստրուկցիան մշտապես օգտագործել են հրապարակի տոնակատարություններին, նախկինում երբևէ նմանատիպ դեպք տեղի չի ունեցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG