Մելանյա Սաֆարյանի այգին ադրբեջանական զորքերի ուղիղ նշանառության տակ է։ Կաղնուտցի կինը ամեն օր մի քանի կիլոմետր է կտրում, որ այգին մշակի։
«Հենե էն անտառը որ տեսնում ես, հենե վերջը, մեր բաղը ընդեղ ա։ Մենակ ես գնում եմ, գալիս», - ասում է նա։ - «Մի ձոր ա անցնում, էն կողմը թորքն ա, էս կողմը մենք ենք»։
Թեև ադրբեջանական զորքի տեղակայումից հետո այս գյուղում լուրջ միջադեպեր չեն գրանցվել, բայց 70-ամյա կնոջ գլխում դեռ թարմ են ղարաբաղյան առաջին պատերազմի հիշողությունները. - «92 թվին ամուսնուս ու տղայիս տանում էին թորքերը։ Մտել էին գյուղի մեջը։ Մի կերպ փրկվել են, մի կերպ։ Եկել են բաղից, որ տանեն, եկալ են նի տառալ գյուղին մեջը»։
Տիկին Մելանյան ասում է՝ երբ դեռ խաղաղ էր և հայերի ու ադրբեջանցիների միջև թշնամանք չկար, ինքն ու ամուսինը իրենց այգու քաղցրահամ բերքը հարևան ադրբեջանական գյուղեր էին տանում ու վաճառում. - «էս բերքը ամուսնուս մաշինավ տանում ենք Ազրբեջանում վաճառում, գալիս։ Գնում էինք իրանց տուն, իրանք մեզ հարգում էին, լավ ա իլալ, բայց մեհեկ չէ… Մեհեկ արդեն նրանք մահացած կլինեն գնացած, էն ջահելներն էլ հո՞ւ ա գիդում, հու հինչ ձևի ա»։
Հարևան ադրբեջանական գյուղերի իրենց ծանոթների հետ մինչև առաջին պատերազմը գնալ-գալ ունեին, բարեկամություն էին անում, հարսանիքների գնում, ինչպես ինքն է ասում՝ «քիրվա ենք եղել»։ Մեր ադրբեջանցի հարևանի տղայի հարսանիքին ոսկյա վզնոց գնացինք, տարիների հեռվից հիշում է տիկին Մելանյան. - «Մեկը պահեստապետ ա իլալ՝ Իմամ Վերդին, մեկը Մոհլուումը դըրեկտր՝ նախագահ ա իլալ։ Լյավ մարդիկ են իլալ, մեզ հետ նստալ են, գյամ մեր տոն, նստում, յեր կենում, քինում»։
«Հիմա ամեն ինչ այլ է», - ասում է կինը, ով նախկին հարևանների հետ այս պայմաններում խաղաղություն հաստատելու քիչ հույսեր ունի։
«Գիտե՞ք ինչ, եթե էդ ղեկավարներին հեռացնեն, փոքր ժողովուրդը իրար հետ լեզու կգտնի։ Բայց ղեկավարները քաղաքական նպատակներով սրում են աշխատասեր, խաղաղ ժողովրդին», - ասում է 65-ամյա Երմոնյա Մնացականյանը։
Կապանում ապրելու տարիներին նա ադրբեջանցի հարևաններ է ունեցել, նրանցից մեկը իր մտերիմ ընկերուհի էր։ «Պատերազմը խաթարեց ընկերությունը», - սրտնեղում է կինը։ 2015-ին համացանցով գտել է ադրբեջանցի ընկերուհուն, բայց կարճ ժամանակ անց նրա հետ կապն ընդհատվել է։ Ենթադրում է, որ կինը վախեցել է, թե համացանցով իր հետ շփվելու համար կարող է ճնշումների ենթարկվել ադրբեջանական իշխանությունները կողմից. - «Հիմա ոչ ես եմ կարողանում իրան զանգեմ, ոչ ինքն ա կարողանում ինձ զանգի։ Մեզ պե՞տք ա ես վիճակը։ Ոչ մի աշխատող, արարող մարդուն պետք չի էս վիճակը։ Ավելի լավ ա նրանք հողի հետ թեկուզ գան աշխատեն, քան թե զենք վերցնեն, մարդ սպանեն»։
Տիկին Երմոնյային նյարդայնացնում է հարևան պետության նախագահի պահվածքը։ Ասում է՝ խաղաղության հասնելու համար երկու երկրների առաջնորդները պետք է վայր դնեն զենքերը և խաղաղ բանակցնեն, բանակցեն հավասար պայմաններում՝ առանց միմյանց նկատմամբ անհիմն պահանջների. - «Որ ես նայում եմ օրինակ Ալիևի պահվածքը, ինքը օրինակ իրավաբան անձնավորություն ա։ Նախկինում, օրինակ, իրա հայրը շատ ճիշտ էր իրան պահում, թեկուզ շատ բաներ ան ում էր ինքը ներքին կարգով, բայց շատ ճիշտ էր պահում։ Ինքը էդ ձևի լկտի ձևով իրան չէր պահում։ Ալիևը, որ տենց խոսում ա էլի՝ Զանգեզուրի միջանցքը, Զանգեզուրի միջանցքը։ Բա մենք լա Զանգեզուրի միջանցքում ենք էլի ապրում, Զանգեզուրում ենք ապրում։ Բա որ ինքը վերցնի, մենք մտնում ենք թուրքի մեջ։ Տրա համար պիտի Փաշինյանը չտա։ Չտա, մեր հողը չտա»։
«Չեմ հվատում, ադրբեջանցիների հետ խաղաղություն հնարավոր չի, ես էտ օրակարգին չեմ հավատում», - պնդում է Արցախի Թաղավարդ գյուղի նախկին բնակիչ Ալետա Գրիգորյանը, ով ամուսնանալուց հետո Բարձրավան հարս է եկել։
Արցախի մասին խոսելիս 51-ամյա կինը հուզմունքը զսպել չի կարողանում։ Ինքն իրեն ներել չի կարողանում. հայրը մահացավ շրջափակված Արցախում, նույնիսկ հուղարկավորությանը մասնակցել չկարողացավ. - «Ես միշտ էլ ասել եմ՝ Արցախը Հայաստանում եմ տեսնում։ Ես ինքս արցախցի եմ։ Ճիշտ ա, երկար ժամանակ ա…. Կներեք… »
Տիկին Ալետան մտքերով Թաղավարդի իր հայրական տանն է։ Վերջին պատերազմի ժամանակ գյուղի կեսն անցավ ադրբեջանցիների հսկողության տակ։ Հայկական մնացած մյուս կեսում գտնվող իրենց տանը հիմա տարեց մայրն է ապրում, ով խնամքի կարիք ունի. - «Հիվանդ կին ա, չի կարողանում իրա համար այգի մշակի, որպեսզի գոնե իրա տան համար, ինքը իրա համար օգտագործի։ Պիտի գնի։ Դե գնելու համար էլ պիտի խանութում լինի, որ գնի։ Շրջափակումից հետո տալոնով են տալիս… մի կիլո կարտոշկա, մի կիլո ոսպ, մի կիլո բրինձ, մի կիլո ձեթ մի ամսվա համար։ Էդպես են ապրում»։