Ղազախստանում՝ Ուրալսկ քաղաքի դատարանը ծագումով ոչ ղազախ երկու տեղացիների մեղավոր է ճանաչել ազգամիջյան ատելություն հրահրելու և անջատական ակտիվություն ծավալելու հոդվածներով:
Դատավոր Վարվարա Դմիտրիենկոյի որոշմամբ, Դենիս Ռուդնիխը կազատազրկվի 5 տարի 2 ամիս ժամկետով, իսկ Կրիստինա Կոլչենկոն՝ 5 տարով:
Այդ երկու քաղաքացիները փետրվարին սոցիալական ցանցերում իրենց ռուս համարող Ղազախստանի քաղաքացիներին կոչ են արել միավորվել և սատարել Ռուսաստանին այն դեպքում, եթե Ռուսաստանը փորձի Ղազախստանում անցկացնել «հատուկ ռազմական օպերացիա»՝ ինչպիսին 2022 թվականի փետրվարի 24-ին նախաձեռնել է Ուկրաինայի դեմ:
Ռուդնիխը սոցցանցում ծավալված բանավեճի ընթացքում նաև պնդել է, թե «Ուրալսկը միշտ ռուսական քաղաք է եղել»: Նա «ռուսական» է անվանել նաև Պավլոդարը, Ուստ-Կամենոգորսկը և Սեմիպալատինսկը:
Ավելի ուշ՝ կալանավորվելուց հետո, Ռուդնիխը հրապարակավ ներողություն է հայցել իր մեկնաբանությունների համար:
Դատավճիռը դեռ չի մտել ուժի մեջ, քանի որ մեղադրյալներն ունեն այն բողոքարկելու իրավունք:
Ուրալսկ քաղաքում վերջին ամիսներին ապաստանել են մեծ թվով ռուսաստանցի տղամարդիկ, ովքեր փախուստի են դիմել զորակոչից և չեն ցանկանում մասնակցել Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած «հատուկ ռազմական օպերացիային»: