Մատչելիության հղումներ

Գերմանիայում անցկացվելու են ռազմաօդային ուժերի ամենախոշոր զորավարժությունները ՆԱՏՕ-ի պատմության մեջ


Գերմանիան պատրաստվում է հյուրընկալել ռազմաօդային ուժերի զորավարժություններ, որն իր մասշտաբներով կլինի ամենախոշորը ՆԱՏՕ-ի պատմության մեջ։ Զորավարժությունները նախատեսված են դաշնակիցների, ինչպես նաև պոտենցիալ հակառակորդների վրա՝ ինչպիսին է Ռուսաստանը, տպավորություն թողնելու համար, այսօր հայտարարել են գերմանացի և ամերիկացի պաշտոնյաները։

«Այս զորվարժությունները ուղղված չեն որևէ մեկի դեմ։ Սա պաշտպանական զորավարժություններ են՝ ցույց տալու, որ անհրաժեշտության դեպքում դաշինքը ի վիճակի է պաշտպանել իրեն»,- ասել է Գերմանիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Ինգո Գերհարցը։

Նա հայտնել է, որ 10 օրվա ընթացքում Բալթիկ և Հյուսիսային ծովերի վրայով մոտավորապես 2 հազար թռիչքներ են կատարվելու։

«Մենք ցուցադրում ենք, որ ՆԱՏՕ-ի տարածքը մեր կարմիր գիծն է, և մենք պատրաստ ենք պաշտպանելու այդ տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը։ Սակայն, մենք, օրինակի համար, որևէ թռիչք չենք կատարելու Կալինինգրադի ուղղությամբ, այնպես որ զորավարժությունները պաշտպանական բնույթ ունեն»,- նշել է Գերհարցը։

Հաջորդ շաբաթ մեկնարկող զորավարժություններին 25 երկրներից մասնակցելու են 10 հազար զինվորականներ և 250 ինքնաթիռներ։

Միայն ԱՄՆ-ից ռազմաօդային ուժերի գվարդիայի 2 հազար անձնակազմ և 100 օդանավ է մասնակցելու զորավարժությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG