Գյումրին այսուհետ ունի իր նոր «Օդա»-ն։ Ժամանակին, երբ դեռ հեռուստացույցի գյուտը չէր եղել, իսկ սոցցանցերի մասին ընդհանրապես խոսք չկար, մարդիկ հավաքվում էին օդա կոչվող սենյակում, որտեղ հեքիաթներ էին պատմում, ստվերային ներկայացումներ դիտում, երգ ու երաժշտություն լսում։
«Մենք փորձել ենք մեր միջավայրը մեր գիտեցած օդաների ճարտարապետական լուծումներով ոգեշնչված էղնի, բայց միևնույն ժամանակ հնարավորություն տրվի, որ լույսի արվեստը մուտք գործի էս տարածք տարբեր ֆիլմերի, վիդեոարթերի, հեքիաթ պատմողների, թատերական ներկայացումների ու հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումների վայր էղնի», - ասում է Վարդան Վարդանյանը։
Գյումրեցի Վարդանյանների ընտանիքն այս գաղափարը իրականություն է դարձրել Եվրամիության և Գերմանական միջազգային հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Տեղի հին շենքերից մեկի բնակարանն է վերածվել օդայի։ Հինը պահպանելով՝ կարողացել են նոր լուծումներով ապահովել միջավայրը։
Օրինակ, արհեստական խարույկ ստեղծել, որի շուրջ օդայում հավաքվում էին հին ժամանակներում. - «Ինքն իրանից ներկայացնում է մի հատ սենյակ, որը հազարաշեն տներում է եղել։ Հազարաշեն տները մեր հայերի հին բնակատեղիներն են եղել, տան ձևն է եղել, որոնք գետնափոր տներ են եղել։ Ինքը ունեցել է մի հատ պատուհան առաստաղին ու գետնի կենտրոնում ունեցել է օջախ, կրակը։ Ու մենք էդ առանցքը փորձել ենք ձևավորել, ուղղահայաց առանցքի շուրջը ձևավորվող բնակելի միջավայրն է»։
Արդյո՞ք ֆինանսավորող միջազգային կառույցներին կարողացել են ճիշտ ներկայացնել օդայի գաղափարը։ Վարդանյանն ասաց. - «Ընկալումը կա և գնահատանքը կա։ Էդ նաև ընկալումն է մեր մշակույթի, որ դրսի մարդիկ ավելի շատ են ընկալում մեր մշակույթը, ավելի շատ են գնահատում, քան մենք ինքներս, որովհետև դրա մեջ ապրում ենք»։
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեզը համոզված է, որ «Օդան» կնպաստի զբոսաշրջության զարգացմանը ու շատերը կգան այստեղ այս միջավայրում կտրվելու աշխարհից. - «Օդան, որքան ես հասկանում եմ, ավանդական հայկական եղանակով վերանորոգված սենյակ է, որտեղ հնարավորություն կա հավաքվելու և կտրվելու արտաքին աշխարհից և միևնույն ժամանակ մտորելու, խորհելու, կապ հաստատելու անցյալի հետ և հասկանալու քո դերն ու նշանակությունը»։
Ժամանակակից, բայց հինը հիշեցնող օդայում այսօր ստվերային ներկայացում դիտեցին։ Հին ալեքպոլցի հումորի վարպետներ Պոլոզ Մուկուչի ու Ծիտրո Ալեքի երկխոսությունից մի հատված ներկայացեց Գյումրի Մտորումների թատրոնը։
Հիմնադիրները օդան ընդլայնելու ծրագրեր ունեն։